Էրդողանը հեղաշրջումների գործով պարզաբանումներ կներկայացնի

Թուրքիայի մեջլիսի Հեղաշրջումների և հուշագրերի ուսումնասիրության հանձնաժողովը ցանկանում է հեղաշրջումների գործով պարզաբանումներ ստանալ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, հաղորդում է թուրքական Taraf-ը: Էրդողանը հանձնաժողովին տեղեկացրել է, որ նրանց հարցերին գրավոր կպատասխանի:

Մեջլիսի հանձնաժողովն Էրդողանին հարցեր է ուղղելու 1997թ. փետրվարի 28-ի թավշյա հեղափոխության և 2007թ. ապրիլի 27-ի հուշագրի հետ կապված: Այդ օրը Թուրքայի Գլխավոր շտաբի պաշտոնական կայքում հայտնվեց մի հուշագիր, որտեղ զինվորականությունը հանդես էր գալիս Աբդուլլահ Գյուլի թեկնածության դեմ: Նշվում էր, որ նախագահ պետք է լինի միայն Աթաթուրքի սկզբունքներին հավատարիմ մարդը: Չնայած զինվորականության բոլոր ջանքերին` Գյուլը դարձավ նախագահ:

Մեջլիսի հանձնաժողովն արդեն լսել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին, նախկին վարչապետ Թանսու Չիլլերին, Գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բույուքանըթին:

Հանձնաժողովը քննում է նաև Թուրքիայում տեղի ունեցած ռազմական մյուս հեղաշրջումների գործերը: