Քուվեյթի իշխանությունները մարդասիրական օգնություն կհատկացնեն Հայաստանում գտնվող սիրիահայերին

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել է Քուվեյթի պետություն, որի շրջանակում տեղի են ունեցել ԱԳ նախարարի բանակցությունները Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի հետ, ընդհանրապես արաբական աշխարհի հետ իր հարաբերությունների զարգացմանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հանդիպմանը նախարարներն անդրադարձել են երկու պետությունների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, բանկային, գյուղատնտեսության, առողջապահության, կրթական և մշակութային բնագավառներում կապերի զարգացմանն առնչվող հարցերի։

Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, երկու արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, տարածաշրջանային և միջազգային հարցերը։
«Հայատանը, ինչպես և միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Գազայի հատվածում և նրա շուրջն աճող լարվածությամբ։ Ուժի կիրառումը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի, լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն իրավիճակին։ Պետք է վերջ դնել ուժի սպառնալիքին և ուժի կիառմանը։ Խորապես համոզված ենք, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցերի լուծմանը այլընտրանք չկա»,-ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` անդրադառնալով Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն է հայտնել նաև Սիրիայում իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտության պատճառով Հայաստանը շարունակում է հազարավոր սիրիահայ փախստականներ ընդունել։ Այս ենթատեքստում Քուվեյթի ԱԳ նախարարը տեղեկացրել է Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն հատկացնելու Քուվեյթի իշխանությունների որոշման մասին։

Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Քուվեյթի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումն՝ ի սատարումն միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի։

Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը, որով հիմք է դրվել երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին։

Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահին հրավիրել է այցելել Հայաստան։

Էդվարդ Նալբանդյանի քուվեյթյան օրակարգում կարևոր տեղ էր զբաղեցնում նաև տնտեսական բաղադրիչը։

Էդվարդ Նալբանդյանի և Քուվեյթի ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի նախագահ Նաիֆ ֆալահ Ալ Հաջրաֆի հետ բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել անցյալ տարի Երևանում կայացած հանձնաժողովի անդրանիկ նիստի արդյունքներին և հաջորդ տարվա առաջին կեսին Քուվեյթում գումարվելիք նիստի օրակարգի ձևավորմանն ու նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանի արտգործախարարն այցելել է նաև Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել հիմնադրամի նախագահ Աբդելվահաբ Ալ Բադերի հետ։

Հիմնադրամի ղեկավարը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը և արձանագրած արդյունքները։

Զրույցի ընթացքում քննարկվել է հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Քուվեյթում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրել է իր այցելության արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։

Մեկնաբանել