Եգիպտոսի նախագահն արգելել է վիճարկել իր որոշումները

Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին արձակել է հրամանագիր, որը զգալի ընդլայնում է նրա լիազորությունները, հաղորդում է BBC-ն։

Նախագահի մամլո քարտուղար Յասիր Ալին հայտարարել է, որ այժմ ոչ ոք չի կարող վիճարկել կամ չեղյալ հայտարարել Մուրսիի հրամանագրերը, օրենքները և որոշումները, անգամ դատարանները։ Նման որոշումը, Յասիր Ալիի խոսքով, ընդունվել է՝ պաշտպանելու եգիպտական հեղափոխության ձեռքբերումները։

Հրամանագիրը նաև դատարաններին զրկում է սահմանադրական ասամբլեան (որը զբաղվում է երկրի նոր Սահմանադրության մշակմամբ) լուծարելու իրավունքից։

Ասամբլեայի 100 անդամներին տրվել է հավելյալ երկու ամիս՝ երկրի նոր հիմնական օրենքի մշակման համար, որը պետք է փոխարինի նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո չեղյալ հայտարարված Սահմանադրությանը։

Ասամբլեայի կազմը առաջացրել էր շատ եգիպտացիների լուրջ կասկածները։ Նրա կազմը վիճարկվեց հնարավոր բոլոր դատարաններում, ինչը դանդաղեցրեց հիմնական օրենքի մշակման գործընթացը։

Այդ գործընթացն ավարտել ծրագրվում էր մինչև դեկտեմբեր, որից հետո Սահմանադրության նախագիծը նախատեսվում էր դնել հանրաքվեի։

Մուհամադ Մուրսին նաև աշխատանքից ազատել է երկրի գլխավոր դատախազ Աբդ ալ Մագիդ Մահմուդին։ Նախկին գլխավոր դատախազն առաջացրել էր բնակչության լուրջ դժգոհությունը․ կասկածներ կային, որ նա թաքցնում է Հոսնի Մուբարաքի վարչակարգի ժամանակ իրականացված հանցագործությունների մեջ մեղադրվող զինվորականների դեմ գործերը։

Նոր դատախազ է նշանակվել Տագլատ Իբրահիմը։ «Գլխավոր դատախազը զբաղեցնելու է իր պաշտոնը առաջիկա չորս տարիներին»,- հայտարարել է Յասիր Ալին։

Մուրսին նաև կարգադրել է իրականացնել կրկնակի դատական գործընթաց անվտանգության ծառայությունների աշխատակիցների գործով, որոնց մեղադրել էին Հոսնի Մուբարաքի կառավարման օրոք ցուցարարների վրա հարձակումներ գործելու մեջ։

Նախկին գլխավոր դատախազ Մահմուդի որոշումը՝ անվտանգության ծառայության աշխատակիցներին ազատել պատասխանատվությունից, անցյալ ամիս հանգեցրել էր բախումների Կահիրեում։

Նշենք, որ արդեն չորրորդ օրն է՝ Կահիրեում շարունակվում են նոր բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև։

Ցույցերը տեղի են ունենում «Թահրիր» հրապարակում, որտեղ անցյալ նոյեմբերին ոստիկանության հետ բախումներում զոհվել էին տասնյակ ցուցարարներ։

Եգիպտացիները պահանջում են պատժել անցյալ տարի ցուցարարների սպանության համար պատասխանատուներին։