Կաթողիկոսը Շիրակի թեմը կիսել է

Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցվել է պատարագ, որի ընթացքում հայրապետական կոնդակով Հայաստանում Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքերն առանձնացվել են Շիրակի թեմից և հռչակվել Արթիկի թեմ, հաղորդում են Մայր աթոռի մամուլի ծառայությունից:

Նորաստեղծ թեմի առաջնորդ է նշանակվել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

«Այսօր Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքները ևս անհրաժեշտությունն ունեն համախմբվելու որպես մեկ թեմ, որպեսզի եկեղեցավարչական գործունեութեան առավել արդյունաւոր կազմակերպմամբ առավելագույնս հոգացվեն հոգևոր կարիքները Մեր զավակների և մատուցվող մշտական պաշտամունքով, Տիրոջ խոսքի մշտահունչ քարոզությամբ զորանա ու պայծառանա նրանց հոգևոր կյանքը, նրանց սրտերում անսասան մնան հավատարմությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցու և նվիրական արժեքների հանդեպ»,- ասված է կոնդակում:

Կաթողիկոսը նորանշանակ առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին է հանձնել Արթիկի թեմի հռչակման կոնդակը` մաղթելով նրան արգասավոր ծառայություն:

Պատարագին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Ի դեպ` ՍիվիլՆեթի աղբյուրների հաղորդմամբ` Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ծնունդով կաթողիկոսի գյուղից է` Ոսկեհասկից:

Նշենք, որ Արթիկի թեմի ստեղծմամբ հայոց եկեղեցու 11 թեմերը համալրվեցին ևս մեկով:

Մեկնաբանել