Հետաձգումը հարցն օրակարգում պահելու միակ տարբերակն էր. Լ.Զուրաբյան

Սա Նիկոյանի հանձնաժողովի հետ ոչ մի կապ չունի, այս հանձնաժողովի խնդիրն է պարզել ոստիկանության, պետական մարմինների՝ Մարտի 1-ի հանցագործությունների պարտակումները. այս մասին «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Մարտի 1-ի դեպքերի քննության նոր հանձնաժողով կազմելու իրենց պահանջի և դրա քննարկումը մինչև մեկ տարով հետաձգելուն համաձայնելու մասին:

«Անգամ խորհրդային ժամանակներում չի եղել նման բան, որ  իշխանությունները կրակեն իրենց ժողովրդի վրա: Այս հարցը պիտի ներկայացնենք ամբողջ աշխարհին՝ իշխանությունների բոլոր կեղծարարություններով հանդերձ»,- ասաց նա՝ հիշեցնելով իր գործընկերների խոսքը, որ իրենք համաձայնել են հետաձգել քննարկումը, քանի որ դա հարցն օրակարգում պահելու միակ ձևն էր: «Եվ որպեսզի չասվի, թե Մարտի 1-ի խնդիրը փորձում ենք շահարկել նախագահական ընտրությունների շեմին, մենք համաձայնեցինք, որ դա հետաձգվի, բայց մի պայմանով. որ իրենք հենց հիմա խոստանան, որ դա տեղի է ունենալու: Եթե մենք պնդեինք, որ քննարկումն ու քվեարկությունը հիմա տեղի ունենային, իրենք՝ մեծամասնությունը, դեմ կքվեարկեին, ու վերջ»,- ասաց նա:

Նոր պահանջ Սահմանադրականից

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ-ն այսօր Ազգային ժողովում ստեղծել է ընդդիմությանը միավորող մշակույթ, և այս պահին էլ ընդդիմության միասնական ձայներով ՀԱԿ-ը փորձում է վիճարկել արտահերթ նիստի՝ ՀՀԿ-ի բոյկոտի արդյունքում չկայանալու իրավականությունը. «Հայցը պատրաստ է, մենք պիտի հավաքենք 27 ստորագրություն, արդեն իսկ հավաքել ենք 17 ստորագրություն, վստահ ենք, որ վաղը կհավաքենք մյուս ստորագրությունները և կդիմենք Սահմանադրական: Իշխանությունները պիտի սովորեն հարգել արտահերթ նիստ հրավիրելու իրավունքը և ներկա լինել այդ նիստերին»,- ասաց նա:

ՀԱԿ-ը խորհրդարանում ակտիվ է, հրապարակում՝ ոչ. ինչո՞ւ

«Հանրահավաք հանուն հանրահավաքի կամ ակտիվություն հանուն ակտիվության» սկզբունքները, ըստ Զուրաբյանի, անընդունելի են, և ՀԱԿ-ը կրկին հանրահավաք կհրավիրի, երբ «քաղաքական պրոցեսը թելադրի նման տրամաբանություն»: «Հիմա մենք շատ կոնկրետ պատճառ ունենք, թե ինչու հանրահավաք չենք անցկացնում: Մենք հիմա շատ ինտենսիվ գտնվում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների փուլում, երբ Տեր-Պետրոսյանը որոշում է, թե ինչ կուրսով ենք մասնակցելու ընտրություններին: Եթե հիմա հանրահավաք հրավիրենք, ժողովուրդն ուզելու է լսել մեկ հարցի պատասխան. թե ինչպես ենք մասնակցելու ընտրություններին: Նպատակահարմար չէ՞, որ հանրահավաքը լինի, երբ այդ հարցի պատասխանը լինի»,- նշեց նա:

Զուրաբյանի խոսքով՝ ԲՀԿ-ի հետ կա կոնսենսուս, բայց կան նաև տարակարծություններ, թե ԲՀԿ-ում, թե ՀԱԿ-ում կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են, որ այս համագործակցությունն ապագա չունի, սակայն «կա հստակ պայմանավորություն կոնսենսուսի հիմքի վրա»: