Nabucco-ի շարքերը նոսրանում են

Գերմանական RWE էներգետիկ կորպորացիան բանակցություններ է վարում Nabucco խողովակաշարի նախագծի կոնսորցիումից դուրս գալու շուրջ: Նախատեսված է, որ Nabucco-ն Կասպյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից գազ պետք է մատակարարի Եվամիության երկրներ՝ շրջանցելով Ռուսաստանը: RWE-ն նախագծում իր 16,7% մասնաբաժինը հնարավոր է՝ վաճառի ավստրիական OMV-ին։ Գերմանական ընկերությունում հրաժարվել են բրիտանական Financial Times-ին մեկնաբանել այս տեղեկությունը։

2012թ. մայիսին RWE-ի ղեկավար Յուրգեն Գրոսմանը պաշտոնապես հայտարարեց, որ կոնցեռնը քննարկում է Nabucco-ում իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը: Այդ ժամանակ ընկերությունում նշեցին, որ RWE-ի համար առաջնահերթը գազի ներկրման նոր աղբյուրների ապահովումն է՝ հնարավորինս քիչ ներդրումներով, քանի որ ընկերությունը պարտքային բեռը նվազեցնելու խնդիր ունի: Nabucco-ում մասնակցությունից հրաժարվելու դեպքում RWE-ն զգալի գումարներ կխնայի:

Շուրջ 4 հազ. կմ երկարությամբ ու 31 մլրդ խմ տարեկան թողունակությամբ Nabucco խողովակաշարի նախագծին, բացի RWE-ից, մասնակցում են հունգարական MOL, ավստրիական OMV Gas GmbH, թուրքական Botas, բուլղարական Bulgargaz և ռումինական TransgazS.A. ընկերությունները: Ապրիլի վերջին MOL-ը ևս հայտարարել է կոնսորցիումում իր մասնաբաժինը վաճառելու մտադրության մասին՝ պայմանավորված նախագծի շուրջ ստեղծված անորոշությամբ։

Nabucco-ն կյանքի կոչելու հարցում էական առաջընթաց մինչև այժմ չի արձանագրվել։ Նախագծի քննադատները մատնանշում են, որ այն չափազանց թանկ է: Nabucco-ի արժեքը պաշտոնապես €9,7 մլրդ է, իրական ծախսերը կարող են գերազանցել €15 մլրդ-ը։

Մեկնաբանել