Կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց ճարտարապետը

Դեկտեմբերի 6-ին Ռիո դե Ժանեյրոյում 105 տարեկանում վախճանվել է բրազիլացի անվանի ճարտարապետ Օսկար Նիմեյերը: AFP-ի հաղորդմամբ՝ ճարտարապետի մահվան պատճառ է դարձել երիկամների անբավարարությունը:

Օսկար Նիմեյերը համաշխարհային ճարտարապետության դասական էր: Նրա անմիջական մասնակցությամբ կառուցվել են Վենեսուելայի մայրաքաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանը, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը, Ֆրանսիայում Renault-ի գլխամասային շենքը:

Ալժիրում Նիմեյերը մասնակցել է երկրի արտգործնախարարության շենքի նախագծմանը, իսկ հայրենիքում՝ Բրազիլիայում, նախագծել է հասարակական կարևորագույն շինությունները՝ նախագահի նստավայրը, արտաքին գործերի գերատեսչության, Կոնգրեսի, Գերագույն դատարանի շենքերն ու մայր տաճարը:

1960-ականներին ուրբանիստ Լուսիու Կոստայի հետ համատեղ կառուցված «ապագայի քաղաքը»՝ երկրի նոր մայրաքաղաք Բրազիլիան, հետագայում ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Նիմեյերը ճարտարապետության մեջ մոդեռնիզմի վառ ներկայացուցիչ էր: Նրա ճարտարապետական լուծումներում գերակշռում էր կոր գծերի օգտագործումը: 1970թ. Նիմեյերը պարգևատրվել է ԱՄՆ-ի Ճարտարապետների ինստիտուտի ոսկե մեդալով, 1988թ. ստացել է ճարտարապետության բնագավառում Նոբելյան մցանակին համարժեք Պրիտցկերյան մրցանակը:

Վերջին տարիներին Նիմեյերը շարունակել է աշխատել Ռիոյում: Նրա միակ դուստրը՝ Աննա Մարիա Նիմեյերը, վախճանվել է 2012թ. հունիսին՝ 82 տարեկանում:

Ընդամենը տասն օրից Օսկար Նիմեյերը կնշեր իր 105-ամյակը:

Մեկնաբանել