ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունվարի 4-ին

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ընդունել է ՀՀ նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունվարի 4-ին և կավարտվի հունվարի 14-ին: Թեկնածուների ինքնաբացարկի վերջին օրը փետրվարի 8-ն է: Քարոզարշավը կսկսվի հունվարի 21-ին և կավարտվի փետրվարի 16-ին:

Հանրությանն ընտրությունների կարգի մասին տեղեկացնելու համար կնկարահանվի տեսահոլովակ:

ԿԸՀ նիստից հետո Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է շուտ ցնդող թանաքանյութի խնդրին: Ըստ նրա՝ հիմա լաբորատոր փորձաքննության է ենթարկվում թանաքանյութի 7 փորձանմուշ, աշխատանքներ են տարվում թերությունները շտկելու ուղղությամբ:

Նշենք, որ թանաքանյութի՝ որպես կրկնաքվեարկության բացառման մեխանիզմի կիրառման պահից իսկ գրանցվել են ահազանգեր դրա՝ շուտ ցնդելու և բազմաթիվ կրկնակի քվեարկությունների մասին:

Մեկնաբանել