Օբաման սեղմել է ամերիկացիների սպանությունը քարոզող PSY-ի ձեռքը

Հարավկորեացի ռեփեր PSY-ի հռչակը բառիս բուն իմաստով հասել է Սպիտակ տուն: Դեկտեմբերի 9-ին նա ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջ: Վերջինս երևի տեղյակ չէր, որ մի քանի տարի առաջ կորեացին կոչ էր անում սպանել ամերիկացիներին, գրել է Daily Mail-ը:

Ռեփեր PSY-ը, որի իսկական անունն է Պակ Չէ Սան, երգել է ԱՄՆ իշխանությունների կազմակերպած բարեգործական համերգին՝ չնայած 2004թ. նրա շոուն ապշեցրել էր բոլոր ամերիկացիներին: Իր երգում նա կոչ էր անում «ամերիկացիներին ենթարկել դանդաղ և տանջալից մահվան»:

Կոմպոզիցիան նվիրված էր ամերիկյան զորքերի մուտքին Աֆղանստան: Իր դիրքորոշումը մինչև վերջ պաշտպանելու քաջություն ռեփերը չի ունեցել կամ գուցե վերանայել է իր վերաբերմունքը ամերիկյան արտաքին քաղաքականության հանդեպ:

Ամեն դեպքում, ելույթ ունենալով Օբամայի և նրա հյուրերի առաջ, PSY-ը հայցել է նրանց ներողամտությունը ութ տարի առաջ գրած երգի համար:

Բազմաթիվ լրագրողների զարմացրել է ոչ այնքան ռեփերի կոմֆորմիզմը, որքան այն փաստը, որ նա ելույթ է ունեցել Սպիտակ տանը:

«Կարող եք հիշել՝ ե՞րբ են վերջին անգամ մեր պաշտոնյաներին զվարճացրել տաղանդավոր ամերիկացիները: Այժմ նրանց տեղը զբաղեցրել է ասիացի կոմունիստը, որը, բացի ամեն ինչից, ատում է մեր երկիրը», – գրել է Examiner.com կայքը:

Ի դեպ՝ Բարաք Օբաման միջոցառման ժամանակ ասել է, որ առաջիկա Սուրբ ծննդյան տոնի ուղերձներից մեկը հենց ներելու ունակությունն է:

Մեկնաբանել