Յոթ կարևոր ձեռքբերում. Ա.Աշոտյանն ամփոփել է տարին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է ոլորտի ձեռքբերումներն ու անդրադարձել խնդիրներին՝ նշելով, որ 2012 թվականը եղել է թեպետ դժվար, սակայն ձեռքբերումների տարի: Տարվա ընթացքում կատարված աշխատանքներից նախարարն առանձնացրել է յոթ կարևոր ձեռքբերում` միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականներն ունեցել են աննախադեպ հաջողություններ՝ Հայաստանի աշակերտական օլիմպիական թիմը միջազգային 6 օլիմպիադաներից վերադարձել է 16 մեդալով:

«Սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի անկախության պատմության ընթացքում, որը մեր երկրին միջազգային լուրջ իմիջ է ապահովում: Մեր դպրոցականների հաջողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի կրթական համակարգը միջազգային ասպարեզում մրցունակ է, իսկ Հայաստանի ժողովուրդը խելացի և կիրթ ժողովուրդ է»,- նշել է նախարարը: Մյուս ձեռքբերումն առաջիկա երեք տարում Բոլոնիայի քարտուղարության ստանձնումն է: «Մինչև 2015 թվականը Հայաստանն է պատասխանատու Եվրոպական կրթական տարածքում կրթական գործընթացների համակարգման համար, ինչը ևս համարում եմ ոչ միայն կրթական, այլև արտաքին քաղաքական հաջողություն: Սա նշանակում է` մեր կառավարության իրականացրած կրթական քաղաքականությունը կարևոր գնահատականի է արժանացել միջազգային գործընկերների կողմից, իսկ կրթական հարթությունը եվրոպական ինտեգրման կարևոր օղակներից մեկն է»: Երրորդը «Շախմատ» առարկայի դասավանդումն է հանրակրթական դպրոցներում: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, իսկ 2012 թվականին առարկան դասվանդվել է նաև երրորդ դասարանում: Նախարարի խոսքով` ստեղծվել են նոր դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, վերապատրաստվել են ուսուցիչներ, այսինքն՝ ծրագիրը հաջողությամբ իրականացվել է: «Շախմատը դպրոցում դարձել է Հայաստանի կրթական համակարգի միջազգային «բրենդը»»,-շեշտել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ միջազգային ասպարեզում որպես հաջողություն կարող ենք համարել նաև ԱՊՀ անդամ պետությունների մանկավարժների և կրթության ոլորտի ներկայացուցիչների հերթական համագումարի ու նախարարների կոնֆերանսի անցկացումը Երևանում: «Մենք պատվով հանդես եկանք որպես երկիր, որը ԱՊՀ անդամ երկրների շարքում ստանձնել է կրթական բարեփոխումների առաջատարի դերը»,- նշել է նախարարը և շեշտել նաև ինտերնետի հասանելիությունը Հայաստանի բոլոր դպրոցներում. նման ցուցանիշի, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, դեռևս չեն հասել ավելի զարգացած տնտեսություն և համախառն ներքին արդյունք ունեցեղ երկրներ: Ձեռքբերումների յոթնյակում հերթականն այս տարվա ընդունելության քննություններն էին, որոնք, ըստ նախարարի, անցկացվել են անաչառ և կազմակերպված: «Ընդունելության քննությունների վերաբերյալ հանրային քննադատություն գրեթե չի հնչել, ճիշտ հակառակը՝ ավելի շատ եղել է դրական արձագանք, որն արտահայտվել է սոցիոլոգիական հարցումների արդյունքներում»: Նախարարի առանձնացրած ձեռքբերումների յոթնյակը եզրափակում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որի շրջանակում երիտասարդ գիտնականները լրացուցիչ 100 մլն դրամի աջակցություն են ստացել: «Այդ գումարն ամբողջությամբ տնօրինում է երիտասարդ գիտնականներից կազմված համապատասխան խորհուրդը: Ծրագրի շնորհիվ տասնյակ երիտասարդ գիտնականներ հնարավորություն են ստացել մասնակցել միջազգային գիտական ստուգատեսերի ու սիմպոզիումների՝ հանդես գալով զեկույցներով: Այս ծրագրի շնորհիվ երիտասարդ գիտնականները համապատասխան անվանակարգերում կպարգևատրվեն»,- տեղեկացրել է ՀՀ ԿԳ նախարարը:

Անդրադառանալով ՀՀ ԿԳՆ ընթացիկ աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ տարվա ընթացքում մշակվել և հաստատվել է բուհերի և դպրոցների վարկանիշավորման համապատասխան մեթոդաբանությունը, ինչը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: ՀՀ ԿԳՆ-ի նախաձեռնությամբ կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում լրջագույն փոփոխություններ կատարելու առաջարկը, որն արդեն անցել է առաջին ընթերցումը: Օրենսդրական նախաձեռնության կարևոր առանձնահատկությունը համընդհանուր ներառականության օրենսդրորեն ամրագրումն է, որը, ըստ նախարարի, երեխաների կրթական իրավունքերի պաշտպանությանն ուղղված կարևոր քայլ է: Խորհրդարանը հավանություն է տվել նաև բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթին, որի շնորհիվ խստացվել են բուհերի լիցենզավորման չափանիշները: Ըստ այդմ` գալիք տարվանից ՀՀ ԿԳՆ-ն բուհերում ստուգումներ իրականացնելու իրավասություն կունենա, ինչն ավելի լայն հնարավորություն կտա որոշել այս կամ այն բուհի որևէ ֆակուլտետի գործունեության համապատասխանությունը օրենքին:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին չորս տարվա ընթացքում ԿԳՆ վերահսկողության խստացման արդյունքում ավելի քան 90 մասնավոր բուհերից այսօր գործում են 34-ը: «Այս տարի առաջին անգամ մասնավոր բուհերի դիմորդները ընդունելության քննություններն հանձնել են կենտրոնոցված՝ պետական բուհերի դիմորդների հետ միասին: Կրթության որակի խստացման առումով մեր քաղաքականությունը շարունակական և հետևողական է լինելու»,- նշել է նախարարը:

Հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասին՝ տարվա ընթացքում շուրջ 10 հազար ուսուցիչներ վերապատրաստվել և ատեստավորվել: Տարրական դասարանների աշակերտենրի համար բոլոր դասագրքերն այս տարվա սեպտեմբերի 1-ից եղել են անվճար՝ նախկինում օտար լեզվի և «Երաժշտության» դասագրքերը վճարովի էին: Հայաստանի 1100 դպրոցների տրվել է ուսումնական զենք ունենալու թույլտվություն: 220 հազար աշակերտներ մասնակցել են ՊՆ-ի հետ համատեղ կազմակերպված ռազմադաշտային պարապմունքներին: Ավելի քան 70 համայնքների դպրոցներին կից բացվել են նախակրթարաններ :
Մասնագիտական կրթության ոլորտում՝ վերապատրաստվել են 1000 դասախոս և վարչական աշխատող: Կառավարության կողմից 50 տոկոսով ավելացվել է պետական պատվերն ուսումնարաններում և քոլեջներում: 60 ՄԿՈՒ հաստատություններ ստացել են նորագույն սարքավորումներ և գույք: Եվրոպական Միության փորձագետների կողմից տրվել է դրական գնահատական Հայաստանում մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: «ՄԿՈՒ ոլորտում մենք անցել ենք կառավարման նոր մոդելի՝ Երևանի քաղաքապետարանի և պետական կառավարման այլ մարմինների ենթակայությամբ գործող միջին մասնագիտական կրթական հաստատություններն անցել են ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ: Ստեղծվել է նաև Ուսուցման ազգային հիմնադրամը, որը թույլ կտա սերտացնել կապերը աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև: 2012 թվականի մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգը ենթարկվել է փորձաքննության և ստացել կառավարության դրական եզրակացությունը»,- տեղեկացրել է նախարար Ա. Աշոտյանը:

Բարձրագույն կրթության ոլորտում իրականցված աշխատաքների վերաբերյալ նախարարը նշել է, որ ընդունվել է պետական ավարտական քննությունների նոր կարգը: Այն միտված է ուսանողների իրավունքների պաշտպանությանը: Առաջին անգամ անցկացվել է «Լավագույն ուսանող» մրցույթը, արդյունքները կհրապարակվեն հունվարին: Հաստատվել է ուսման վարձավճարների ձևավորման մեթոդաբանությունը, Հայաստանը միացել «Եվրոստուդենտ» միջազգային ծրագրին, Հայաստանի բուհերը շահել են 9 «Տեմպուս» ծրագիր, ինչը նախորդ տարիների համեմտությամբ նկատելիորեն բարձր ցուցանիշ է: Ուժեղացվել է հսկողությունը պետական բուհերում՝ վերահսկողական գործառույթը, ըստ նախարարի, կլինի շարունակական և մինչև գալիք տարվա հունիս ամիսը բոլոր բուհերում կանցկացվեն ստուգումներ:

Միջազգային համագործակցություն և սփյուռքի հետ տարվող աշխատանքներ. Հայաստանի բուհերում սովորող 250 ուսանողներ միջպետական պայմանագրի շրջանակում հնարավորություն են ստացել ուսանել արտերկրի բուհերում: Շուրջ 40 հազար դասագրքեր են բաժանվել սփյուռքի դպրոցներին, վերապատրաստվել են սփյուռքահայ դպրոցների ուսուցիչները՝ ամենամյա պետական ծրագրի շրջանակում:

ՀՀ բուհեր են ընդունվել 1400 արտասահմանցի ուսանողներ, ընդունելության գործընթացը նախպատրաստական կուրսերում շարունակվում է:

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը եղել է պետական և գերատեսչական կառույցների կայքերի առաջատար եռյակում: Տարվա ընթացքում ԿԳՆ կայքում հրապարակվել է 600 լրատվական և տեղակատվական նյութ՝ նպատակ ունենալով ապահովել նախարարության թափանցիկ և հաշվետվողական աշխատանքը, այդ թվում նաև արագ արձագանքելով հասարակությանը հուզող հարցերին: ՀՀ ԿԳՆ-ն առաջինն է պետական կառույցներից, որը բացել և սպասարկում է «ՀՀ ԿԳն ընդունարան» ֆեյսբուքյան էջը, որտեղ ստացված բոլոր ահազանգերը ստացել են համապատասխան ընթացք: Նախարարը ներկայացրել է նաև «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված ահազանգերի, նախարարություն դիմած քաղաքացիների դիմումների և դրանց տրված պատասխանների վերաբերյալ տեղեկատվություն: Ստեղծվել է դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի էլեկտորնային շտեմարան և կրթական պետական փաստաթղթերի տեղակատվական համակարգ: Վերջինս հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու որոնողական համակարգի միջոցով ճշտել ցանկացած քաղաքացու կրթական փաստաթղթի իսկությունը: Նախարարի խոսքով՝ այդ համակարգում այս պահին մուտքագրված է 70 հազար տվյալ, համակարգի համլրումը շարունակվում է:

Գիտության բնագավառ. ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ցիտման ինդեքսով և միջազգային վարկանշային գիտական պարբերականներում մեկ շնչին բաժին ընկնող հրապարակումների թվով գրավել է առաջին տեղը: «Գիտության բանգավառի այս ցուցանիշները վկայում են, որ անկախ բազմաթիվ խնդիրներից, Հայաստանի գիտությունը մրցունակ է և առաջատար է ԱՊՀ-ում»:
Նախարարը, մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատերի հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Հայաստանում մշակութային կրթությանը, Բոլոնայի գործընթացի շրջանակում միջազգային փորձի տեղայնացմանը, համալսարանական գիտությանը և Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի տնօրենի մրցույթին: Վերջին հարցի հետ կապված՝ նախարարը նշել է, որ մրցութն ու տնօրենի նշանակումը կատարվել են ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան: Նախարարը ընդգծել է, որ տնօրենի մրցույթը շատ թափանցիկ և արժանահավատ է եղել, հաղթած երկու թեկնածուներից ինքն ընտրել է ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանին: Ինչ վերաբերում է մրցույթի պայմանների փոփոխությանը՝ ապա ըստ Ա. Աշոտյանի՝ նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցելու ոչ մի հայտ ներկայացված չի եղել: Նախարարը պատասխանել է նաև ասուլիսին ներկա լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտում առկա կոռուպցիոն երևույթներին, հետբուհական կրթությանը, բուհերի վարձավճարներին և այլն:

Ամփոփելով հաշվետու ասուլիսը՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին՝ տարվա ընթացքում նախարարության հետ ակտիվ համագործակցելու, ոլորտի աշխատանքները, ձեռքբերումներն ու խնդիրները արդյունավետ լուսաբանելու համար: Ա. Աշոտյանը շեշտել է, որ ԶԼՄ-ները լավագույնս աջակցել են ոլորտում առկա խնդիրները բացահայտելու և դրանց՝ նախարարության կողմից օպերատիվ լուծում տալու հարցում:

Մեկնաբանել