Թուրքիան չեղյալ է հայտարարել Իսրայելի նկատմամբ սահմանած վետոն

Թուրքիան չեղյալ է հայտարարել ՆԱՏՕ-ի գործողություններին Իսրայելի մասնակցության դեմ իր սահմանած վետոն, հաղորդում է իսրայելական Jerusalem Post-ը:

Պարբերականի հաղորդմամբ` վետոյի չեղյալ հայտարարումից հետո Իսրայելը Թուրքիայի հետ միասին` որպես դաշինքի անդամ, կարող է մասնակցել կառույցի սեմինարներին և այլ աշխատանքներին:

Թուրքական Radikal-ը, սակայն, գրում է, որ Թուրքիան վետոն մասնակի է վերացրել. Իսրայելը դաշինքի շրջանակում դեռ չի կարողանա Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների մասնակցել: Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներից Radikal-ին հայտնել են, որ 2013թ. Իսրայելը չի կարողանա մասնակցել ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությանը: Jerusalem Post-ը, իր հերթին, մեջբերելով իսրայելցի պաշտոնյաներից մեկի խոսքը, գրում է, որ Թուրքիայի այս քայլը պայմանավորված էր թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռների տեղակայմամբ: Իսրայելցի պաշտոնյան նշել է նաև, որ իր երկիրն ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն:

Թուրքիան Իսրայելի նկատմամբ վետո էր սահմանել 2010թ. մայիսին` այն բանից հետո, երբ հրեական կողմը հարձակվել էր Գազա ուղևորվող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որի հետևանքով սպանվել էր ինը թուրք:

Մեկնաբանել