Ուլուդերեի սպանդի հրամանն Էրդողանն է տվել. քուրդ կուսակցապետ

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ուլուդերեում տեղի ունեցած սպանդի համար:

«Թուրքական հետախուզությունը տեղեկացնում է Էրդողանին, որ քաղաքացիական անձանց մեջ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) բարձրաստիճան մի պաշտոնյա կա, Էրդողանն էլ անձամբ հրամայում է կրակ բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ»,- ասել է քուրդ կուսակցապետը` Ուլուդերեի դեպքերի մեկամյա տարելիցի օրը դիմելով հավաքված բազմությանը: Ըստ Դեմիրթաշի` Թուրքիայի զինված ուժերի արխիվում պահպանվել է այն հրամանը, որն Էրդողանը տվել է ռազմաօդային ուժերին:

«Անհրաժեշտ է, որ Էրդողանը խոստովանի, որ ինքն է արձակել հրամանը»,- ասել է Դեմիրթաշը:

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 28-ին թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին թուրք-իրաքյան սահմանին գտնվող Ուլուդերե բնակավայրը, որի հետևանքով 34 խաղաղ քուրդ բնակիչ էր սպանվել: Քրդերը չեն հավատում պաշտոնական Անկարայի այն պնդմանը, թե թուրքական կողմը PKK-ի զինյալների հետ շփոթելով է օդային հարված հասցրել:

Մեկնաբանել