PKK-Թուրքիա զինադադարն անհանգստացրել է Իրանին և Իսրայելին

Արդեն տևական ժամանակ է` Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը հանդիպում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր, Իմրալը կղզում բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ, որպեսզի վերջինիս հրամանով կազմակերպությունը դադարեցնի ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների` զինադադարի հնարավորությունն անհանգստություն է առաջացրել Իրանի և Իսրայելի ղեկավարության շրջանում: Թուրքական թերթերը գրում են, որ այս երկու պետությունները չեն ցանկանում, որ PKK-ն զինադադար հաստատի Թուրքիայի հետ: Այդ նպատակով թե´ Թեհրանը, թե´ Թել Ավիվը հստակ քայլեր են անում PKK-ի ղեկավարության հետ կապ հասատելու ուղղությամբ: Մասնավորապես` խոսվում է այն մասին, որ երկու երկրները պատրաստվում են պատվիրակություն ուղարկել Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանը, որը PKK-ի գլխավոր հենակետն է:

Նշենք, որ երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ քուրդ զինյալները պետք է զենքը վայր դնեն և լքեն երկիրը: Թուրքական կառավարող շրջանները փորձում են հասարակությունից գաղտնի պահել Օջալանի հետ հանդիպումները, որին դեմ են նաև թուրքական ընդդիմադիր կուսակցությունները: Չնայած ընթացող բանակցություններին` հարավարևելյան շրջաններում քուրդ մարտիկների և թուրքական զինուժի միջև ընդհարումներ շարունակվում են:

Մեկնաբանել