Միջպետական ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 23:00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ըստ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տվյալների՝ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի են Տաշիր-Գոգավան և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Ապարանի, Դիլիջանի, Աշոցքի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նշենք նաև, որ հունվարի 18-19-ին, 20-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը արևմտյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 18-21-ին կբարձրանա 4-6, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:

Երևանում`հունվարի 18-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Մեկնաբանել