Արման Վեզիրյանն արդարացվել է

Լուսանկարը` Վեզիրյանի ֆեյսբուքյան էջից

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր` փետրվարի 11-ին, ըստ էության, բավարարել է գործով մեղադրող դատախազի միջնորդությունը և դադարեցրել «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ արդարացնելով նրան: Ինչպես հաղորդում է «Փաստինֆոն», գործով մյուս մեղադրյալ Տիգրան Մանուկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30 հազ. ՀՀ դրամի չափով:

Փետրվարի 4-ի դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը հրաժարվել էր Արման Վեզիրյանին առաջադրված մեղադրանքից՝ վկայակոչելով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, ըստ որի` մեկ հարվածը որպես այլ բռնի գործողություններ որակելը ճիշտ չէ, քանի որ օբյեկտիվ կողմի տեսանկյունից հարված հասցնելը և այլ բռնի գործողություններն իրարից տարբերվում են, այդ եզրույթները նույնացնելու, ինչպես լեզվաբացատրական, այնպես էլ քրեաիրավական հիմքեր չկան: Իսկ քրեական գործի նյութերի համաձայն` դատախազի գնահատմամբ, հիմնավորվել է, որ Արման Վեզիրյանի և Տիգրան Մանուկյանի միջև ծագել է վեճ, որի ժամանակ Ա.Վեզիրյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ.Մանուկյանին, իսկ Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Վեզիրյանի դեմքին:

Վերոգրյալի հիման վրա մեղադրողը միջնորդել էր դադարեցնել Արման Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով:

Մեկնաբանել