Տիգրան Սարգսյանին փոխարինել Րաֆֆի Հովհաննիսյանով

ՀՀ նախագահական ընտրությունները կարևորվում են նաև Հայաստանին տրվելիք վարկերի և օժանդակությունների տեսանկյունից։ Դեռ անցյալ տարվա հունիսին ԵՄ-ն հայտարարեց, որ Հայաստանի հարցով դոնորների համաժողովը հետաձգում է խորհրդարանական ընտրություններից դժգոհությունների պատճառով։ Դոնորների համաժողովը հետաձգվեց մինչև նախագահական ընտրություններ, որի ժամանակ ԵՄ-ն նպատակ ուներ փարատել իր մտահոգությունները։

Դոնորների համաժողովը տնտեսական ծանր դրության մեջ գտնվող որևէ երկրի համար անցկացվող հավաք է, որտեղ հարուստ երկրները և միջազգային ֆինանսական կառույցները տարբեր հարցերի լուծման համար գումարներ են առաջարկում։ 2001թ. նման մի հավաքի ժամանակ Հայաստանին հաջողվել էր ստանալ 620 մլն դոլարի վարկ և դրամաշնորհ։ Սա մեծապես օգնել էր հայաստանյան տնտեսության երկնիշ աճի ապահովմանը։ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ճգնաժամի և հետճգնամային ժամանակաշրջանում ինտեսիվորեն վարկային նոր միջոցներ էր ներգրավում՝ ռեկորդներ սահմանելով Հայաստանի արտաքին պարտքի ոլորտում։ Սակայն նույնիսկ այդ աննախադեպ պարտքերը չեն օգնում տնտեսության արագ զարգացմանը, գնալով մեծանում է անվստահությունը Հայաստանի նկատմամբ, ինչն արտահայտվում է արտասահմանյան ներդրումների կրճատումով։

Հայաստանի համար դրամաշնորհային միջոցներ ապահովող այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են «Հազարամյակի մարտահրավերներն» ու «Լինսի» հիմնադրամը, նույնպես դադարեցրել են իրենց գործունեությունը։ Հայաստանի կառավարության միակ երազանքը մնացել է արտագաղթը և դրա շնորհիվ ստացվող դրամական տրանսֆերտները։

Այս ֆոնին դոնորների համաժողովը փրկօղակի պես մի բան է ռեժիմի համար, սեփական գոյությունը պահպանելու ևս մեկ հնարավորություն: Սակայն ԵՄ-ն կարող է այլ պատճառներ գտնել այս համաժողովը ևս չհրավիրելու համար, եթե ՀՀԿ-ն անզիջում լինի իշխանությունն ամբողջությամբ պահելու հարցում:

Դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը հնարավորություն ուներ վարչապետի պաշտոնը հանձնելով՝ Հայաստան բերել դրամական նոր միջոցներ և փորձել բարելավել ներդրումային միջավայրը։ ՀՀԿ-ի կողմից իշխանության տոտալ վերահսկման ցանկությունն ընդամենը հետաձգեց իշխանության մի մասն այլ ուժերի զիջելու գործընթացը։

Նախագահական ընտրությունները լավ առիթ են դրա համար։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ շատերին բավարարող թեկնածու է վարչապետության համար, այդ թվում՝ ՀՀԿ-ին: Տիգրան Սարգսյանին որոշ ժամանակով փոխարինելով Րաֆֆի Հովհաննիսյանով՝ ՀՀԿ-ն հնարավորություն կունենա պահպանել իշխանությունը՝ միաժամանակ Սփյուռքում և միջազգային կառույցների մոտ բարձրացնելով իր նկատմամբ վստահության աստիճանը։

Ընդդիմության և իշխանության նման գործարքն այս անգամ ցավոտ չի ընդունվի հասարակության կողմից, որին արդեն ոչնչով չես զարմացնի: Նման քայլը, սակայն, քաղաքական առումով կարող է մահացու լինել «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի համար, որոնք հետագա ընտրություններում կկորցնեն հասարակության վստահությունը։ Սակայն մի՞թե նման ուժեր են զրկվել հասարակության վստահությունից հանուն ՀՀԿ-ի գոյատևման։

Մեկնաբանել