Աստվածաշունչը՝ բեսթսելեր աշխարհիկ Նորվեգիայում

Նոր, «արդիականացված» Աստվածաշունչը դարձել է տարվա բեսթսելեր Նորվեգիայում: 2012թ. այստեղ վաճառվել է Սուրբ Գրքի 160 հազ. օրինակ, ինչը նշանակում է, որ գիրքը գնել է երկրի բնակչության ավելի քան 3%-ը, և դա այն դեպքում, երբ Նորվեգիան ունի Եվրոպայի ամենաաշխարհիկ երկրներից մեկի կարգավիճակը, որտեղ եկեղեցի է հաճախում բնակչության միայն 1%-ը, գրել է Daily Mail-ը:

2012-ի արդյունքներով՝ Նորվեգիայում վաճառվել է Աստվածաշնչի 160 հազ. օրինակ, ինչի շնորհիվ գիրքն առաջ է անցել «Մոխրագույնի հիսուն երանգները» սկանդալային վեպից: Փորձագետների կարծիքով՝ Աստվածաշնչի մեծ վաճառքները վկայում են այն մասին, որ Սուրբ Գիրքը մեծ ազդեցություն ունի աշխարհում:

«Աստվածաշնչյան մտքերն ու կերպարները շարունակում են ազդել իրականության մասին մեր պատկերացումների վրա», – թարգմանիչ Կառլ Ուվե Կնաուսգաարդին մեջբերում է Associated Press-ը:

Տեղական լրատվամիջոցների բնութագրմամբ՝ Աստվածաշնչի 1978թ. հրատարակությանը փոխարինելու եկած թարգմանության «ցնցող» հաջողությունը Նորվեգիայում պայմանավորված է միգրանտների աճող թվով. դա տեղացիներին դրդում է դիմել իրենց հավատքին, գրել է Daily Mail-ը:

Նորվեգիայի Աստվածաշնչյան միությունը նոր հրատարակությունը գովազդում է գեղարվեստական պոպուլյար գրականության պես: Թարգմանիչ Կնաուսգաարդը և գրքի վրա աշխատող մյուս հեղինակները տեքստը հարմարեցրել են նոր սերնդի աշխարհայացքին և այն «փաթեթավորել» յուրաքանչյուր տարիքային խմբի պահանջներին համապատասխան՝ դեռահասների համար վարդագույն, չափահասների համար՝ ավելի «հասուն» գույներով:

Նորվեգիա

Հինգ մլն բնակչություն ունեցող Նորվեգիայում մարդկանց միայն 1%-ն է պարբերաբար եկեղեցի հաճախում, իսկ 72%-ն իրեն աթեիստ է համարում: 2012թ. կառավարությունն ընդունել է սահմանադրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ եկեղեցին և իշխանությունն ամբողջությամբ տարանջատված են:

Ի՞նչ է կարդում աշխարհը

Աստվածաշունչը գլխավորում է բոլոր ժամանակների ամենավաճառվող գրքերի ցանկը: Սուրբ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմում է 2,6 մլրդ օրինակ: Երկրորդ տեղում է «Հատվածներ Մաոյի ճառերից» գիրքը՝ 800 մլն, երրորդում՝ Ղուրանը՝ 400 մլն, չորրորդում՝ Նոր Չինաստանի բառարանը՝ 400 մլն օրինակ: Աշխարհիկ գրականության միակ ներկայացուցիչը Չառլզ Դիքենսի «Երկու քաղաքի պատմությունը» գիրքն է, որը վաճառվել է 200 մլն տպաքանակով:

Մեկնաբանել