Էրդողանը վրդովվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հանձնաժողովի անդամների որոշումը որպես «Օլիմպիադա 2020»-ի մայրաքաղաք ընտրել Տոկիոն և ոչ Ստամբուլը խզում է կապը 1,5 մլրդ-անոց մուսուլման աշխարհի հետ, սեպտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Տոկիոն 2020-ի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք է հռչակվել սեպտեմբերի 8-ին Բուենոս Այրեսում՝ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի կողմից:

Եզրափակչում Օլիմպիադան հյուրընկալելու համար մրցում էին Մադրիդը, Տոկիոն և Ստամբուլը: Մադրիդի՝ մրցավազքից դուրս գալուց հետո Տոկիոն հավաքել է 60 ձայն: Ստամբուլի օգտին քվեարկել է ՄՕԿ-ի 36 անդամ:

«Տոկիոն արդեն հյուրընկալել է Օլիմպիադան, իսկ Ստամբուլը՝ ոչ: Դա արդար չէ: Այս կերպ նրանք խզում են կապը 1,5 մլրդ-անոց մուսուլման աշխարհի հետ», – վարչապետի խոսքերը մեջբերում է Bugun թերթը:

Էրդողանի խոսքով՝ Ստամբուլն ունի անհրաժեշտ ամեն բան օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար:

«Ստամբուլը թերություններ չունի: Մենք առաջ ենք անցել Ֆրանսիայից: Եթե շահեինք խաղերը հյուրընկալելու իրավունքը, բազմաթիվ առավելություններ կլինեին: Իհարկե, մենք տխրել ենք», – ասել է թուրք վարչապետը:

Մինչդեռ, որոշման հայտարարումից անմիջապես հետո Էրդողանն ասել էր, որ «իրենք հարգում են հանձնաժողովի որոշումը»:

Մեկնաբանել