Երբ պոչն է շարժում շանը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կիրարկումով Հայաստանում էապես կբարձրանան պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը։ Բոլոր հարցերը լուծել էինք՝ մնացել էր սա (գյուղերում ասում են՝ «սաղ պրծել էին, մնացել էր հորը գյոռը»)։ Կամ էլ՝ սա էր մեր երկրի առջև ծառացած գլխավոր մարտահրավերը։ Վաղուց արդեն նկատելի է մի օրինաչափություն՝ որքան վատանում է երկրի վիճակը, որքան մեծանում է գործազրկությունը և որքան ահագնանում է արտագաղթը, այնքան մեծանում են պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը։ Կարելի է հակառակն էլ պնդել՝ որքան մեծանում են պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը, այնքան վատանում է երկրի վիճակը, մեծանում է գործազրկությունը և ահագնանում է արտագաղթը։

Սա նորություն չէ, սա պետության մոդել է, որ տարիներ ի վեր փորձարկվում է Արցախում՝ Հայաստանի Հանրապետությունում այն կիրառելու հեռանկարով։

ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր եղածս ժամանակ մի քանի անգամ բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ մի հանգամանքի վրա էի փորձում սևեռել հանրության ուշադրությունը։ Այն, թե ինչպիսի ռախիտիկ օրգանիզմի է գնալով նմանվում մեր այս մոդելը։ Տարեցտարի ավելանում են պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը, տարեցտարի ավելանում է բյուջետային աշխատողների թվաքանակը ու մեծանում նրանց աշխատավարձը։ Ու ստացվում է ուռած փորով ու թերսնվող ուղեղով մի օրգանիզմ, որի վերջը կարող է կանխատեսել (ականջը կանչի ՀՀ երկրորդ նախագահի) ցանկացած շարքային տեղամասային… բուժքույր։

Ժողովու՛րդը պիտի աշխատի, պահի ու վերահսկի իր իսկ պետական կառավարման համակարգը։ Արցախում հակառակն է տեղի ունենում՝ պետական կառավարման համակարգն է պահում ու վերահսկում ժողովրդին։ Ասել է թե՝ ամեն ինչ գլխիվայր է շրջված, կամ էլ, պատկերավոր ասած, ոչ թե շունն է շարժում պոչը, այլ պոչն է շարժում շանը։

Հեռու չէ այն ժամանակը, երբ ողջ երկիրը կվերածվի պետական կառավարման համակարգի։ Առանձին վերցված ժողովրդի (հանրության, գյուղացիության, մտավորականության և այլնի) կարիք չի լինի, որովհետև ժողովրդի մեծ մասը կլինի պետական կառավարման համակարգում, իսկ այն հատվածը, որ տեղ չի ունենա այնտեղ (քանի որ նույնիսկ աբսուրդը սահման ունի), մասամբ կներգրավվի այդ համակարգի սպասարկման-զվարճացման ծառայություններում, մասամբ էլ ստիպված կլինի լքել հայրենի երկիրը։

Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր լինում, և ինչպե՞ս կարելի է այդպիսի ահռելի համակարգ պահել, եթե նյութական բարիք ստեղծողները գնալով քչանում են։ Արցախի պարագայում պատասխանը պարզ ու միանշանակ է։ Հայաստանից ստացվող միջպետական վարկի (արցախյան բյուջեի առյուծի բաժնի) ու տոտալ մարաթոնավազքով տառապող սփյուոքի հաշվին։ Սա այն գինն է, որ Հայաստանի իշխանությունը վճարում է Արցախին՝ աբսուրդային այս մոդելի փորձարկման և աստիճանաբար ՀՀ-ում այն կիրառելու համար։

Ուռած ու անասելի մեծ որովայնով, դժվարաշարժ ու թերսնվող ուղեղով այսպիսի օրգանիզմը չի կարող մրցունակ լինել, այն կարող է պարզապես որպես վատառողջ զավակ խնամվել ու խնամարկվել ծնողների ու բարեկամների կողմից։ Ու ոչ միայն համակարգն է ոչ մրցունակ, այլև նրա ամեն մի անդամ առանձին վերցված։ Ահա թե ինչու այս համակարգի ու նրա յուրաքանչյուր անդամի համար ամենասարսափելին մրցակցությունն է։ Ինչ ուզում է լինի՝ միայն թե ոչ մրցակցություն։ Մրցակցային մթնոլորտն այն ահավոր միջանցուկ քամին է, որից ուղղակի սարսափում է մեր գրիպասեր իստեբլիշմենտը։ Դրա համար էլ պիտի մենաշնորհներ լինեն։ Ամենուրեք ու աջուահյակ։

Իսկ որ այսպիսի «փոր» ունենալն ուղղակի անտրամաբանական ու հակաբնական է՝ սոսկ երկու օրինակ։

ԼՂՀ-ից մոտ չորս անգամ մեծ տարածք ու մոտ հիսուն անգամ շատ բնակչություն ունեցող Շվեյցարիայի Համադաշնության կառավարության մեջ մտնում են յոթ դաշնային խորհրդականներ (նախարարներ), որոնք հանդիսանում են դեպարտամենտների պետեր (փոխվարչապետն այդ յոթի մեջ է և գլխավորում է դեպարտամենտներից մեկը)։ Իսկ ահա ԼՂՀ կառավարությունն ունի տասնմեկ նախարարություն, փոխվարչապետ և կառավարությանն առընթեր պետական կառավարման այլ մարմիններ՝ ինը պետական կոմիտեներ, վարչություններ ու ծառայություններ։ Տնտեսությունների վիճակը համեմատելն էլ պարզապես կոռեկտ չէ։

Մեկ այլ օրինակ։ Արցախի հանրային հեռուստատեսությունը։ Այնտեղ աշխատում է 120 մարդ։ Հեռուստաեթերը՝ օրական 3-4 ժամ։ Ու այն միակն է։ Հայաստանի որոշ մարզերում կան մի քանի հեռուստաընկերություններ, իսկ անկախ ԼՂՀ-ում՝ միայն այս մեկը։ Հայաստանյան մարզերում կարելի է քսան հոգով հեռուստաընկերություն պահել և ունենալ շուրջօրյա եթեր։ Բայց որպեսզի ոչ ոքի մտքով չանցնի Արցախում այսպիսի փորձ ձեռնարկել ու հարամեցնել Արցախի հանրային հեռուստատեսության 120 աշխատողների հանապազօրյա հացը՝ երկրորդ հեռուստաալիք Արցախում չի եղել, չկա ու չի լինելու։

Ու ստացվում է, որ ցանկացած հիմնարկ որոշակի առումով նաև բարեգործական հաստատություն է կամ էլ՝ սոցիալական ապահովության նախարարության հոգածության առարկա։ Այդպիսին է ողջ համակարգը։ Այդպիսին է ողջ երկիրը։ Մի երկիր, որտեղ կիրառվում է պետության յուրահատուկ մոդել՝ պահեստի մոդելը։ Պետությունը որպես մի մեծ պահեստ։ Պահեստի մի դռնով ապրանք են ստանում, մյուսով բաց թողնում։ Մի դռնով ստանում են փող, պաշտոն, կոչում, արտոնություն, մեդալ ու շքանշան, հայերնասիրական կոչեր ու միֆեր, մարտահրավերներ ու հնարավորություններ, մյուս դռնով բաց թողնում նույնը՝ ըստ իրենց հայեցողության։ Իշխանությունն էլ դառնում է պահեստապետ։

Ահա թե ինչու երբ խոսում են բարեփոխումների մասին՝ մարդ ուղղակի սարսռում է։ Ենթադրենք, թե եկել է այն երանելի պահը, որ պիտի բարեփոխենք մեր երկիրը և բուժենք մեր ռախիտիկ օրգանիզմը, ուստի պիտի անենք առաջին քայլը։ Ի՞նչ պիտի անենք և ինչի՞ց պիտի սկսենք։ Պիտի, բնականաբար, կրճատել պետական կառավարման համակարգը, իմա՝ փորը ներս խցկել ու զոռ տալ ուղեղին։ Բայց, Աստված իմ, ի՞նչ անել կրճատված մարդկանց հետ, մարդիկ, որ ժամանակին հողուջրից, արտադրությունից, ստեղծագործ գրչից ու վրձնից կտրվելով եկել են այս համակարգ և հիմա սուրճ խմելուց ու խաչբառ լուծելուց զատ շատ քիչ բանի են ունակ։ Բացի դրանից՝ ու՞ր տանել նրանց։

Սակայն անելանելի իրավիճակներ չեն լինում։ Կա մի քայլ, որով կարելի է արմատապես փոխել իրավիճակը։ Դա իշխանության տարանջատումն է բիզնեսից, ավելի ճիշտ՝ բիզնեսի իշխանազերծումը։ Ահա այս դեպքում կառաջանա մի հսկա ճեղքվածք՝ աշխատանքային վակուում։ Բացվող ասպարեզն ուղղակի ահռելի է լինելու, որովհետև պետական կառավարման համակարգի միջին ու միջինից բարձր ներկայացացուցիչներից գրեթե բոլորն էլ բիզնես ունեն։

Առաջներում իշխանությունները կրքոտ հերքում էին այն բացահայտ փաստը, որ պետական պաշտոնյաները զբաղվում են բիզնեսով: Բացահայտ, որովհետև Ստեփանակերտում նույնիսկ մանուկները գիտեն, թե որ խանութ (շուկա, գործարան, տաքսի ծառայություն, սրճարան և այլն) որ պաշտոնյայինն է: Դրա համար իրազեկության մեծ աստիճան պետք էլ չէ, քանի որ այդ պաշտոնյաներին հաճախակի կարելի է տեսնել օրը ցերեկով իրենց օբյեկտները տնօրինելիս:

Ինչ որ է, նախկինում ժխտում էին այդ փաստը, փորձում համոզել, որ այս կամ այն օբյեկտն այս կամ այն պաշտոնյայինը չէ, այլ նրա եղբորը, քրոջը, բաջանաղինը, զոքանչինը, քեռունն ու քեռակնոջը, ընկերոջը, խնամունը, հարևանինը և այլն: Իսկ ժխտում էին, քանի որ չէին կարող չժխտել, որովհետև ղարաբաղյան օրենսդրությամբ պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելն անօրինական է համարվում:

Բայց հետո իշխանությունները սկսեցին հարմարվել այդ մտքին ու դրան հարմարեցնել նաև հանրությանը։ Անցյալ տարի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փաստորեն օրինականացրել է այդ երևույթը: Դատեցեք ինքներդ՝

Սահակյան. «Իշխանության ներկայացուցիչները, կառավարությունը մեր քաղաքացիների մի մասն են, և եթե նրանք այդ ամենին հասնում են իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ, միայն կարելի է ողջունել: Ես դեմ եմ, որպեսզի իշխանության ներկայացուցիչները իրենց իշխանության լծակները օգտագործեն և նման եղանակներով հասնեն այս կամ այն հաջողություններին: Եթե դա արդյունք է նրանց կողմից կատարված աշխատանքի, այդ թվում և՝ բիզնեսը, նրանց ընտանիքի անդամների ներգրավվածությունն է բիզնես աշխարհում ստեղծում այդ բարիքները` ես ոչ թե քննադատում եմ, այլ ողջունում եմ»:

Հավանաբար, օրենսդրությունում կամրագրվի այս դրույթը։ Ու նոր թափով կծաղկի պաշտոնեական բիզնեսը։ Սա ասում եմ նրա համար, որպեսզի ընկալելի լինի, թե որքան կարևոր, կենսականորեն կարևոր խնդիր է սա իշխանությունների համար։ Ու նաև պատկերացում կազմելու համար այս բիզնեսի ծավալների մասին, հետևաբար նաև՝ բացվելիք ասպարեզի հնարավորությունների մասին։

Մի հարց, սակայն, կարող է անհասկանալի մնալ։ Արցախում պետական կառավարման նման համակարգը հիմնականում պահվում է հայաստանյան միջպետական վարկի հաշվին։ Ու եթե ՀՀ-ն ուզում է նույն մոդելը լրիվությամբ կիրառել, ապա տրամաբանական հարց է ծագում, թե ում հաշվին պիտի լինի բարեգործական այս ձեռնարկը, կամ՝ ով պիտի պահի այսպիսի պետական կառավարման համակարգը։

Մեծ խորաթափանցություն պետք չէ հասկանալու համար։ Վարկերը, փոխառություններն ու զանազան դրամաշնորհները։ Չպիտի մոռանալ, որ իշխանությունն ամենամեծ վարկառուն ու գրանտակերն է։ Մեկ այլ տրամաբանական հարց է ծագում՝ բայց չէ՞ որ պարտքը պիտի վերադարձնել մի օր։ Այո, պարզապես դա անելու է հաջորդ սերունդը։ Իսկ իշխանությունը թքած ունի հաջորդ և մյուս բոլոր սերունդների վրա։

Գեղամ Բաղդասարյան

Մեկնաբանել