Ռուսաստանը $300 մլն կտրամադրի ատոմակայանի համար

Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման համար 300 միլիոն դոլար վարկ կտրամադրի: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Մինսկում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո:

Հովիկ Աբրահամյանը Մինսկում մասնակցում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Մեդվեդևի հետ հանդիպմանը ոչ միայն քննարկվել են Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի հարաբերությունները, այլև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: «Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել»,- ասել է Աբրահամյանը:

Կառավարության մարտի 27-ի նիստում կայացված որոշումից արդեն ենթադրվում էր, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը տասը տարով երկարաձգելու աշխատանքները ֆինանսավորելու համար կառավարությունը պատրաստվում է վարկ ներգրավել:

Որոշմամբ սահմանված էր, որ ֆինանսների նախարարությունը մինչև 2014թ. մայիսի 1-ը առաջարկում է միջոցներ ձեռնարկել ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Ատոմակայանի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է, և այն տասը տարով երկարաձգման ծրագիրը գնահատվել է 300 մլն դոլար, որից 40 մլն դոլարը՝ հետազոտությունների և հաշվարկային հիմնավորման աշխատանքների համար: Պատվիրվելու և մատակարարվելու են 180 մլն դոլարի սարքավորումներ, 80 մլն դոլար ուղղվելու է աշխատանքների իրականացմանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի բացառել, որ ընդհանուր գնահատման ժամանակ աշխատանքների ծավալը կարող է աճել մինչև 20%-ով, գները տարեկան կտրվածքով կարող են ավելանալ 10%-ով։

Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն կլինի «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը։ Ընդ որում, 2016թ. հետո, շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում, ատոմակայանը շահագործման է հանձնվելու «Ռոսատոմին»։

Մեկնաբանել