ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր ներկայացուցիչ ունի

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին կփոխարինի դեսպան Հերբերտ Զալբերը: Այս մասին ասված է Եվրամիության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:

Գերմանացի դիվանագետ Հերբերտ Զալբերի թեկնածությունն առաջարկել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ինչը հավանության է արժանացել ԵՄ անդամների կողմից։ ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչը հունիսի 17-18-ին Եվրամիությունը կներկայացնի ժնևյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում։

Նախկինում Զալբերը դիվանագիտական բարձր պաշտոններ է զբաղեցրել Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում, Բելգրադում, Վիեննայում, Մոսկվայում, եղել է Ղազախստանում ԵԱՀԿ կենտրոնի ղեկավարը: 2006-ից զբաղեցրել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման հարցերով կենտրոնի տնօրենի պաշտոնը:

«Ուրախ եմ հայտնելու, որ դեսպան Զալբերը նշանակվել է այս կարևոր պաշտոնում։ Նրա երկարատև փորձն ու գիտելիքները կարևոր ձեռքբերում են Եվրամիության համար, և ես ակնկալում եմ նրա հետ համագործակցել իր այս նոր պաշտոնում»,- ասել է Քեթրին Էշթոնը։

Ֆիլիպ Լեֆորը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղցենում էր 2011թ. սեպտեմբերի 1-ից: Այն թափուր էր շուրջ չորս ամիս: Լեֆորը հրաժեշտի այցով Հայաստան էր ժամանել 2014թ. հունվարին:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչիչը, ըստ մանդատի, պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում հակամարտությունները կանխելու համար` ԵԱՀԿ և Մինսկի խմբի մեխանիզմներին համապատասխան, ներդրում ունենա տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում, կառուցողական համագործակցություն ծավալի շահագրգիռ կողմերի հետ, խրախուսի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, անհրաժեշտության դեպքում` նրանց հարևան երկրների հետագա համագործակցությունը:

Մեկնաբանել