Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՀ գործադիր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի հարցով գործադիր տնօրեն Մենո Սնելին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը և նշել, որ համատեղ իրականացվող ծրագրերն ընթանում են հաջողությամբ` առանց որևէ խոչընդոտի:

Վարչապետը, ներկայացնելով կառավարության ծրագրի առաջնայնությունները, նշել է, որ գործադիրն իր բոլորը ջանքերը պետք է ուղղի տնտեսական միջավայրի բարելավմանը, հավասար պայմանների ապահովմանը, աղքատության կրճատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ստվերի կրճատմանը: «Տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից են ինստիտուցիոնալ բարեփոխումները, և մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ իրականացնելու այդ բարեփոխումները»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ ձևավորված փոխգործակցության մակարդակից՝ Մենո Սնելը նշել է, որ ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանն իր հավակնոտ ծրագրերն իրականացնելու արդյունքում ունի բարձր վարկանիշ: Մենո Սնելը ԱՄՀ աջակցությունն է հայտնել Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Մեկնաբանել