Պորտուգալիան դժվարությամբ հաղթեց Հայաստանին. Եվրո 2016

FBL-EURO-2016-POR-ARM

Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց Եվրո 2016-ի ընտրական փուլի Պորտուգալիա Հայաստան հանդիպումը: Տանտերերը 1:0 հաշվով առավելության հասան մեր ընտրանու նկատմամբ և վաստակած 6 միավորով բարձրացան I խմբի երկրորդ հորիզոնական:

Պորտուգալացիներն ամբողջ հանդիպման ընթացքում տարածքային մեծ առավելություն ունեին, սակայն առաջին խաղակեսում Հայաստանի ընտրանու հակագրոհներն ավելի վտանգավոր էին. նախ` Հենրիխ Մխիթարյանը գերզանց իրացրեց տուգանային հարվածը, ապա, Կամո Հովհաննիսյանը աջ եզրով անցում կատարեց ու հարվածեց մրցակցի դարպասին, սակայն երկու դեպքում էլ անթերի խաղաց տանտերերի դարպասապահ Ռուի Պատրիսիոն:

Ընդմիջումից հետո պորտուգալացիներն ուժեղացրին ճնշումը, իսկ մեր հակագրոհները սկսեցին չստացվել: 72-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը սեփական տուգանային հրապարակում կոպիտ սխալ գործեց, Նանին նրանից խլեց գնդակը, փոխանցեց Ռոնալդուին, ով մոտ կես մետր հեռավորությունից գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը:

Վերջին րոպեներին Բեռնար Շալանդը ռիսկի դիմեց և երկու հենակետայինի` Կառլեն Մկրտչյանի և Արթուր Եդիգարյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց խաղարկող Մարկոսին և հարձակվող Արթուր Սարկիսովին, վերջիններս մեկական հարված կատարեցին Պատրիսիոյի դարպասին, սակայն մրցակցի դարպասահը երկու անգամ էլ որսաց գնդակը: Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտություն կրեց և 1 միավորով շարունակում է ընթանալ վերջին տեղում:

I խմբի մյուս խաղում Դանիայի ընտրանին հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Սերբիայի նկատմամբ և վաստակած 7 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դիրքը: Սերբերը 1 միավոր ունեն ու միայն խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ են գերազանցում Հայաստանին: Ալբանիան 4 միավորով 3-րդ տեղում է:

Մեկնաբանել