Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է խոցված ուղղաթիռի օդաչուներին

MI-24-pilotsԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը, հաղորդում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում տարհանվել են նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: ԼՂՀ պաշտպանության բանակը կորուստներ չի տվել: Հատուկ նշանակության գործողության ընթացքում. ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի, սպանվել է երկու ադրբեջանցի զինվոր:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները։

Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարել էին, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով հանդես գալ միջնորդի դերում` խփված ուղղաթիռի երեք օդաչուների մարմինները հայկական կողմին հանձնելու հարցում։ Ադրբեջանի ՊՆ-ն էլ նոյեմբերի 18-ին հայտարարել էր, թե «թույլ կտա խոցված ուղղաթիռի հայ օդաչուների դիերը վերցնել, եթե հարկ համարի»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 19-ին հանդես են եկել հայտարարությամբ` Ադրբեջանին կոչ անելով թույլատրել դուրս բերել զոհերի մարմինները։

Մեկնաբանել