Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

3711_hqՖրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում: Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, որոշումը միաձայն հաստատվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթաժողովի ընթացքում, որն անցկացվել է նոյեմբերի 29-30-ը՝ Դակարում:

Գագաթաժողովին մասնակցել է կազմակերպության 80 անդամ՝ ասոցացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացրել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Էդվարդ Նալբանդյանը գագաթաժողովին հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ֆրանկոֆոն ընտանիքում Հայաստանի ակտիվ դերակատարությանը, ՖՄԿ գործունեությանը, կազմակերպության օրակարգային հարցերին, միջազգային հանրության առջև ծառացած հրատապ խնդիրներին։

Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի պետությունների ղեկավարներին ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը և Ադրբեջանի սադրիչ քայլերի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես ասել է.

«Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսել մեր խորին մտահոգությունը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով:

Վերջին երեք ամիսների ընթացքում եռանախագահ երկրները՝ Ռուսաստանի նախագահը՝ Սոչիում, ԱՄՆ պետքարտուղարը՝ Նյուպորտում, Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզում, նախաձեռնեցին գագաթաժողովներ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ` առաջին հերթին լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով:

Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմեց իրավիճակը առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը երեք երիտասարդ զինծառայողների կյանք խլեց։ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը, գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` խոչընդոտելով փրկարար խմբերին, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ տարհանելու զոհված օդաչուների մարմինները՝ մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համապատասխան կոչը։ Այդ պայմաններում Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ՝ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները։Չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը՝ միջազգային հանրության հետ, շարունակելու է համատեղ ջանքերն` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այսպիսին է հանձնառությունը, որ կցանկանայի այստեղ վերահաստատել:

Ներկայիս իրավիճակը պահանջում է կրկին ամրագրել մեր Կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կոչ անել՝ ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից, և բանակցությունների համար հիմք ընդունել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները՝ որպես մեկ միասնական ամբողջություն, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության տևական կարգավորման հիմք»:

Մեկնաբանել