«Տաշիրը» հայտարարեց ՀԷՑ-ը գնելու մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը:

«Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին պայմանագիր, գործարքն արդեն արժանացել է Հայաստանի կառավարության հավանությանն ու ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո. այսպիսի հայտարարություն է արել «Տաշիր» խումբը իր պաշտոնական կայքէջում:

Կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն ու «Հրազդանի ՊՇԷԿ»-ը կշարունակեն լիրաժեք կատարել ավելի վաղ ստանձնած պարտավորությունները:

««Տաշիր» ընկերությունների խումբն ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման պարտավորությունները,- հայտարարել է խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:- ՀՀ բնակչության աջակցության նպատակով որոշում է ընդունվել առաջիկա տարվա ընթացքում անձնական միջոցներից՝ ՀՀ կառավարության հետ համամասնորեն, փոխհատուցել բարձրացված և մինչև 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար»,- ասված է «Տաշիր» խմբի հաղորդագրությունում:

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն էր տվել ՀԷՑ-ը Կիպրոսում գրանցված օֆշորային «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» (LIORMAND HOLDINGS LIMITED) ընկերությանը վաճառելու «Ինտեր ՌԱՕ»-ի հայտին: «Տաշիր» խմբի կողմից ՀԷՑ-ը գնելու հայտ չի եղել: Ավելին, ընկերության սեփականատերերը ամիսներ շարունակ հերքում էին ՀԷՑ-ը գնելու մասին խոսակցությունները:

Ռուսական «Կոմերսանտ» թերթը բացահայտել էր, որ օֆշորային այդ ընկերությունը կապված է Սամվել Կարապետյանի բիզնեսներին մոտ կանգնած անձանց:

Մեկնաբանել