Հայաստանը գոյութենական ճգնաժամի առաջ է․ Զորյան ինստիտուտի նախագահի առաջարկները

Հայաստանի անկախության 25 տարիների առթիվ Տորոնտոյում գործող Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը (Greg Sarkissian) վերլուծական հոդված է հրապարակել Հայաստանի ներկա իրավիճակի, անցած 25 տարիներին հաղթահարած դժվարին ուղու մասին։ Հոդվածում Գուրգեն Սարգսյանը ներկայացնում է առաջարկություններ՝ երկիրը դեպի ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և տնտեսական անկախություն ուղղորդելու համար: Հոդվածը կրճատումներով ներկայացված է ստորև։

Հանուն Հայաստանի գոյատևման՝ կարևոր է գտնել արտագաղթին վերջ դնող ուղիներ։ Սա ազգի գոյատևման հարց է։ Առանց երկրում բավականաչափ մարդկային զանգվածի՝ երկրի զարգացումը և ի վերջո գոյատևումն ու անկախությունը հայտնվում են լուրջ սպառնալիքի տակ։

Իրենց հանդեպ ժողովրդի վստահությունը վերականգնելու համար Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ մշակեն կարճաժամկետ գործողությունների պլան՝ հիմնված երկու կոնկրետ մոտեցումների վրա: Ավելին, արտագաղթի դադարեցման համար կառավարությունը պետք է նաև մշակի միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ՝ քաղաքական և տնտեսական կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու համար։

Կարճաժամկետ քայլեր

Քաղաքական

Արդար ու թափանցիկ ընտրական գործընթացի ապահովման նպատակով իշխանությունները պետք է կազմակերպեն պաշտոնական, հավատարմագրված դիտորդական առաքելություն Սփյուռքից և միջազգային այլ կառույցներից՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում վերահսկելու արդար քվեարկության, ձայների հաշվարկման և հրապարակման գործընթացները։ Իշխանությունները պետք է ընտրություններից ամիսներ առաջ խրախուսեն, հրապարակայնորեն աջակցեն ու իրականացնեն այս նախաձեռնությունները։ 2017-ի թափանցիկ ու արդար խորհրդարանական ընտրությունները կարող են լինել կարևոր փորձություն, որը ցույց կտա կառավարության՝ հանրության վստահությունը ձեռք բերելու հստակ և լուրջ մտադրությունը։

Տնտեսական

Մենաշնորհի վերացման կամ թուլացման նպատակով իշխանությունները պետք է․

– Վերացնեն պատգամավորներ ու պաշտոնյաների գործունեությունում առկա շահերի բախումը։ Սա կարելի է իրականացնել առկա օրենքների կիրառմամբ և օրինախախտների դեմ իրավական գործողությունների ամրապնդման միջոցով։
– Վերացնեն իրավական և արտաիրավական բոլոր խոչընդոտները բոլոր տեսակի ներմուծումների, մասնավորապես՝ սննդի կամ այլ ապրանքատեսակների նկատմամբ, և թույլ տան ցանկացողներին զբաղվելու առևտրվ կամ արտադրությամբ։ ՀՀ նախագահը կարող է նպաստել այդ վստահության ջանքերին, հայտարարելով. «Տնտեսության բոլոր ճյուղերն ու գործունեությունները բաց կլինեն նոր մասնակիցների և մրցակիցների համար: Նրանք, ովքեր կփորձեն խոչընդոտել, խստորեն կպատժվեն: Անկախ մարմինը կվերահսկի այս նախաձեռնությունն ու կկիրառի առկա օրենքները՝ նոր մենաշնորհների կանխման կամ խափանման նպատակով»։

– Հրապարակայնորեն տուգանել մենաշնորհներին, այդ թվում`զինվորական անձնակազմի այն անդամներին, ովքեր չարաշահել են գնումների գործընթացը և հարստացել բանակի հաշվին։ Նման գործողությունները ցույց կտան նոր կառավարության վճռականությունը՝ սեփական խոսքը գործի վերածելու հարցում։ Մինչև ՀՀ վարչապետը լուրջ չվերաբերվի այս խոչընդոտների վերացմանը, նախագահի կողմից նոր վարչապետի նշանակումը և որոշ պաշտոնյաների փոխարինումը կդիտվի ձևական։

Միջնաժամկետ քայլեր

– Ընդլայնել կրթական ծրագրերը՝ ապահովելու Հայաստանի գլոբալ մրցունակությունը։

– Բարձրացնել մարդկային և ֆիզիկական կապիտալում բարձրորակ ներդրումների շուրջ հանրային ծախսերը,

– Նպաստել իրական, անկախ դատական համակարգի ստեղծմանը։

Երկարաժամկետ քայլեր

– Վերացնել գործադիրի գերիշխանությունը իշխանության մյուս թևերի հանդեպ։ Ներկայում վարչական ռեսուրսներն օգտագործվում են գործադիրի կողմից՝ նրա ձեռքում ավելի շատ իշխանություն կուտակելու համար։ Սա խարխլում է զսպումների ու հակակշիռների մեխանիզմի հիմքերը։
Անսալ բարեփոխումների հանրային պահանջին, այլապես կունենանք արմատականացված քաղաքական ուժեր, հարուստ ու փոքր քաղաքական էլիտայի և ավելի լայն ու աղքատաացած հիմնական բնակչության միջև խորացող անջրպետ։

– Վերջ դնել իշխող էլիտաների կողմից հովանավորչությանը, ինչպես նաև կոռումպացված հովանավոր-հաճախորդ ցանցերին, որոնք տանում են անարդյունավետության ու ցածր պրոֆեսիոնալիզմի՝ արդյունքում հանգեցնելով վերահսկողության մեխանիզմների հանրային կառավարման բացակայության։

-Վերացնել պետական վերահսկողությունն ու իշխանության ազդեցությունը ԶԼՄ-ների վրա, վերջ դնել այդ ոլորտում առկա մենաշնորհներին։

– Վերջ դնել խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանական բռնություններին: Մեղավորները պետք է ենթարկվեն արագ և թափանցիկ հանրային դատավարության: Ներկայում ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները չեն վայելում հանրության վստահությունն ու հարգանքը։

– Աղքատության և սոցիալ-տնտեսական դժգոհությունների դեմն առնել` ամբողջ բնակչության համար ստեղծելով հավասար հնարավորություններ հարստություն կուտակելու և բաշխելու առումով։

– Ամրապնդել Սփյուռքի նախարարությունը՝ աշխատանքի ընդունելով փորձառու հայ դիվանագետների, որոնք իրենց հետ կբերեն Սփյուռքի տարբեր համայնքներում իրենց երկար տարիների աշխատանքի փորձը։ Նրանք նաև կօգնեն փոխելու նախարարության գործելաոճը և առավելագույնս օգտագործելու Սփյուռքում առկա ներուժը:

– Լուծում տալ բնապահպանական խնդիրներին, մասնավորապես` կապված հանքարդյունաբերության ոլորտի հետ։
Կազմակերպել հասարակական և անկեղծ քննարկումներ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։ Դադարեցնել անզիջողականության հրահրող բոլոր ազգայնական և առավելապաշտական տրամադրությունները։ Հանրությանը տեղեկացնել ու կրթել փոխզիջումների անհրաժեշտության մասին, ինչը ծայրահեղ անհրաժեշտ է խաղաղության հասնելու համար։

– Ապահովել բոլոր վետերանների բարեկեցությունը: Կյանքը ազգի համար վտանգած անձանց հանդեպ պետք է ցուցաբերվի առավելագույն հոգածություն և լավ պայմաններ։ Ռազմական ոլորտում կոռուպցիան պետք է դիտվի որպես ծայրահեղ ծանր հանցանք և պետք է խստորեն պատժվի ու հանրայնորեն խարազանվի։

– Վերակառուցել աղետի գոտին, քանի որ 1988-ից ի վեր Հայաստանի որոշ հատվածներում, հատկապես Գյումրիում, վերակառուցումը շատ դանդաղ է ընթանում։

– Պահպանել եկեղեցու և պետության տարանջատումը: Հայ առաքելական եկեղեցին ունի ոչ պաշտոնական, բայց ամուր հարաբերություններ հայկական պետության հետ և իշխանություններին հաղորդում է որոշակի լեգիտիմություն ու աջակցություն։

***

Հայաստանն իր անկախության 25-րդ տարում իսկապես կանգնած է գոյութենական ճգնաժամի առաջ՝ ոչ միայն իր աշխարհաքաղաքական մարտահրավերների, այլև ներքին մարտահրավերների պատճառով։

Հայաստանը միշտ իր գոյության համար ստիպված է եղել պայքարել արտաքին ուժերի դեմ։ Սակայն այն ավելի խոցելի է դարձել իր իսկ ներքին ուժերի՝ ապագայի հանդեպ իր ժողովրդի հույս ու հավատի և իշխանությունների հանդեպ վստահության թուլացման պատճառով, ինչը ներքին լուրջ անկայունության է հանգեցրել։

Թարգմանությունը Զառա Պողոսյանի

Ստորև՝ ՍիվիլՆեթի հարցազրույցը Գուրգեն Սարգսյանի հետ 2012թ․ ապրիլին։

Մեկնաբանել