Ռուսաստանն ու Վրաստանը հնարավոր է՝ համաձայնեն աբխազական և հարավօսական միջանցքի բացման շուրջ

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Պրահայում հերթական հանդիպումից հետո պայմանավորվել են արագացնել մաքսակետերի մոնիտորինգի վերաբերյալ պայմանագրի իրականացման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում գործող հայալեզու «Ալիք մեդիա» կայքը։

Այդ պայմանագիրը կնքվել էր Ռուսաստանի ու Վրաստանի միջև 2011-ին և ըստ էության, պայմանավորվածություն է երկու երկրների միջեւ իրականացնել առևտուր ու կազմակերպել տրանսպորտային հաղորդակցություն Աբխազիայով ու Հարավային Օսիայով, գործարկել Հարավային Օսիայի ու Աբխազիայի առևտրային միջանցքները։ Հայաստանի համար սա կարող է ռազմավարական նշանակության հարց լուծել և, ի վերջո հենց, այս ճանապարհը կարող է այլընտրանք լինել Լարսին։

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում առևտրային այս միջանցքների գործարկման մասին ասաց.

«Սա նշանակում է, որ երկու ինքնիշխան երկրներ որոշակի քննարկումներ են անցկացնում իրենց տարածքով որոշակի ենթակառուցվածքներ գործարկելու ուղղությամբ։ Մենք խստագույնս ողջունում ենք այդ հնարավորությունները և ուշիուշով հետևում ենք հետագա զարգացումներին»,- նշեց փոխնախարարը։ Նրա խոսքով՝ սա շատ լավ ազդակ է, սակայն «վերջնական ձևակերպված հստակ մեխանիզմ դեռ չկա»։

Հունվարի 26-ին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ Հարավային Օսիայով բեռնափոխադրումներ կազմակերպելու հնարավորության մասին քննարկումներ են ընթանում։

Մեկնաբանել