Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ այս մասին նա ասել է Sputnik Armenia գործակալությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ Քոչարյանը հայտարարել էր, որ վերադառնում է քաղաքականություն։

«Եթե ես հայտարարել եմ քաղաքականություն վերադառնալու մասին, նշանակում է՝ մասնակցելու եմ այդ ընտրություններին»,- ասել է Քոչարյանը։

Նա կարծում է՝ դեռ վաղ է քննարկել իր մասնակցության ձևաչափը՝ նշելով, որ բավականաչափ ժամանակ կա։

«Իրավիճակը շատ սրընթաց է զարգանում։ Եվ, կարծում եմ, հիմա արժե ձևաչափի հարցը բաց թողնել»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ընտրազանգվածին՝ «այլընտրանքային տեսակետ» ունեցողներին, այդպիսիք են, ըստ Քոչարյանի, մարդիկ, որոնք համաձայն չեն ներկայիս ղեկավարության վարած քաղաքականության հետ։

«Եթե խոսում ենք քաղաքական հենքի մասին, ինձ համար, դա նախևառաջ այն մարդիկ են, որոնք հիշում են իմ նախագահության տարիներն ու գնահատում են այն տարիների հաջողությունները։ Հատկապես դա վերաբերում է տնտեսական և արտաքին քաղաքական ոլորտներին»,- ասել է երկրորդ նախագահը։

Նա համոզված է, որ Հայաստանի քաղաքացիներին «անհրաժեշտ է ոչ թե պոպուլիզմ, կարգախոսներ ու մարդիկ, որոնք կարող են էմոցիոնալ ելույթներ արտասանել», այլ նրանք, «ովքեր բնույթով հեռու են պոպուլիզմից, սակայն կարող են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, ներգրավել միջոցներ, ապահովել կայունություն ու անվտանգություն»։

Երկրորդ նախագահը կարծում է, որ ներկայիս պայմաններում «կարող է դառնալ ընդդիմադիր կենտրոններից, բևեռներից մեկը»։ Դեռ դժվարանում է ասել՝ ապագա քաղաքական մրցապայքարում քաղաքական որ կուսակցությանն է սատարելու։

Նա չի բացառում, որ իրեն կարող են սատարել Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։

Քոչարյանի խոսքով՝ ինքը հույսը դնում է առաջին «հերթին սեփական ուժերի վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով։

Մեկնաբանել