Երևանը կողմ է ԼՂ հակամարտության գոտում դիտորդների տեղակայմանը, Բաքուն՝ դեմ

Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Երևանը մշտապես աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկման գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016 թ․ ապրիլյան սրացումից հետո:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ԵԱՀԿ-ում նախագահող երկրի հատուկ ներկայացուցչի մշտադիտարկման խմբի ընդլայնմանը և հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ցանկացած դիտորդների տեղակայում պետք է համաձայնեցվի Բաքվի հետ:

«Պետք է նկատի ունենալ, որ մենք խոսում ենք Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մասին։ Ցանկացած ուժերի, այդ թվում՝ դիտորդների տեղակայումը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի կառավարության հետ»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով ՝ հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմների ներդրումը պետք է ներդաշնակեցվի կարգավորման գործընթացին։

«Հակառակ դեպքում, առանց Հայաստանի կոնկրետ հանձնառության, Ադրբեջանի օկուպացված տարածքներից նրա ուժերը դուրս բերելու, դիտորդները պարզապես կծառայեին օկուպացիայի վրա հիմնված իրավիճակն ամրագրելուն։ Կրակի դադարեցման համար այժմ անհրաժեշտ է Հայաստանի հանձնառությունը նրա պարտավորություններին, հայկական զինված ուժերի դուրսբերումն ադրբեջանական տարածքներից»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Մեկնաբանելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հնարավոր ներգրավումը Ղարաբաղյան հակամարտությանը՝ Բայրամովը նշել է, որ Բաքուն չի աջակցում «հակամարտության կամ դրա գոտու համատեքստերի ընդլայնում»:

Մեկնաբանել