Գնալ, թե չգնալ գյուղից

Ֆրանսիայում ձնեբեկ (aspierge) շատ են սիրում: Բոլոր սուպերմարկետներում կարելի է հանդիպել այս բույսի բազմաթիվ տեսակների: Տարբեր շրջանների գյուղական համայնքների մոտով անցնող ճանապարհների ցուցանակները անցորդին հրավիրում են ձնեբեկ գնելու: Մի օր մտա էլզասյան գյուղերից մեկը՝ տեսնելու ձնեբեկի մշակությունը: Դրանից առաջ այդ բույսն ինձ համար ընդամենը վայրի բույս էր, որ մենք հավաքում էինք իջևանյան հովիտներից:
Հսկայական ջերմոցային տնտեսություն, հարմարեցված համակարգեր, ձնեբեկի տարբեր տեսակների մշակություն:

Տերը երիտասարդ էլզասցի էր, որն ինձ գարեջուր հյուրասիրեց, ծանոթացրեց իր տնտեսությանը: Պատահական անցորդները, ովքեր շեղվում էին ճանապարհից և տնտեսություն մտնելով՝ գնումներ անում, ապահովում էին երիտասարդ ֆրանսիացու արտադրանքի սպառման փոքր մասը: Հիմնական մասը վաճառվում էր սուպերմարկետներում և տարբեր խանութներում՝ առաքիչների միջոցով: Տնտեսության տերը՝ Ֆաբիենը, նրանց գտնում է համացանցում՝ տարբեր գյուղատնտեսական ֆորումներում կամ խանութներին էլեկտրոնային նամակներ գրելով և իր մշակածն առաջարկելով:

Հաշվապահությունն ինքն էր անում, երբեք հարկայինը նրա տնտեսություն չէր եկել, ամեն հաշվետվություն ուղարկում էր օնլայն: Հարկայինի հետ մի քանի անգամ էր շփվել, երբ այդ կառույցը սկսնակ գործարարների համար դասընթացներ էր կազմակերպել՝ հաշվետվություն ներկայացնելու համար ուղղություն ցույց տալու համար:

Ուրբաթ և շաբաթ երեկոները տնտեսության տարածքում էին հավաքվում տիրոջ ընկերները, որոնք գարեջուր են խմում, պարում, տարբեր խաղեր խաղում:
Այս փոքրիկ զբոսանքից ինձ երկու բան սաստիկ զարմացրեց: Առաջին՝ որ գյուղում ևս կարելի է լիարժեք ապրել ու զվարճանալ, և երկրորդ՝ որ օգտագործելով բավական հասարակ տեխնոլոգիաներ՝ կարելի է ապահովել արտադրանքի վաճառքը, հարկային և այլ մարմիններն էլ միայն աջակից կլինեն քեզ:

Մի քանի ամիս անց վերադարձա Հայաստան և մեկնեցի Արցախ: Հեռուստատեսությամբ պատահաբար լսում էի գյուղին վերաբերող հաղորդում: Գյուղի ավագներն արդարացնում էին երիտասարդների մեկնելը քաղաք, որովհետև գյուղում աշխատանք և զվարճանքի վայրեր չկան: Ակամա հիշեցի իմ էլզասցի հերոսին, ով թե՛ աշխատանք էր ստեղծել իր ու ևս մի քանի հոգու համար ու բավական ապահով կյանք էր վարում, թե՛ կարողանում էր կազմակերպել իր և իր ընկերների հանգիստը, զվարճանալը:

Ընկերս՝ աստվածաբան և քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որը չորս տարի սովորել է Վատիկանի համալսարաններում, լոկալ էլտաների գաղափարը գլխին, տասը տարուց ավելի է՝ ապրում է Քարվաճառում՝ գրաբարի իր դասընթացներով և քաղաքացիական աննկուն կեցվածքով: Ալեքսն ինձ համար փոքրիկ բնակավայրերի կյանքն աշխուժացնելու ունակ նախաձեռնող, ակադեմիական անձի օրինակն է:
Մեր գյուղերի ու ավանների ապագան Ֆաբիենի և Ալեքսի նման բնակիչներ ունենալն է:

Մեկնաբանել