Դրամը հերթական անգամ Կենտրոնական բանկի ինտերվենցիայի կարիքն ունի

ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

Հայաստանի ԿԲ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառույցը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Վերջին օրերին արտարժույթի շուկայում դրամը հերթական անգամ արժեզրկվեց: Հունվարի 12-ին, համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, դոլարը դրամի նկատմամբ արժեվորվել է 1,6 դրամով՝ կազմելով 525 դրամ, իսկ եվրոն՝ 2,2 դրամով՝ հասնելով 639 դրամի:

Համաձայն rate.am-ի՝ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է 525 դրամ, վաճառքը կատարվում է 531 դրամով:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո արդեն երրորդ դեպքն է, երբ Կենտրոնական բանկը դրամի արժեզրկման ֆոնին հայտարարում է արտարժույթի շուկայում գործառնություններ կամ ինտերվենցիա իրականացնելու մասին:

Հատկանշական է, որ դրամի հերթական արժեզրկումը հաջորդում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի առաջնորդների հանդիպմանը, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց:

Այլ կերպ ասած՝ դրամը տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հայտարարությանը «պատասխանեց» արժեզրկմամբ: Նորմալ իրավիճակում, համաձայն մասնագետների կարծիքի, պետք է լիներ ճիշտ հակառակը: Նրանց խոսքով՝ դրամի վարքագիծը պայմանավորված է Հայաստանում տիրող քաղաքական ու տնտեսական անորոշություններով: Այդ մասին անցյալ տարի դեկտեմբերի 15-ի ասուլիսին ակնարկեց նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են, որ ձևավորվել է տնտեսվարողների շրջանում: Տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան»,- հայտարարեց ԿԲ նախագահը:

Ինչու է արժեզրկվում դրամը. ԿԲ նախագահը՝ անորոշությունների ու սպասումների մասին

#ՍիվիլՆեթ

Մեկնաբանել