Պուտինը, Լավրովը և Շոյգուն զբաղվում են Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցով․ ՌԴ դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անձամբ են զբաղվում Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցով: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հայ գերիների վերադարձը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջնահերթությունների շարքում է։ Չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Այս հարցի լուծումը հնարավոր է այնքան շուտ չլինի, որքան սպասվում է, բայց հավատացեք՝ արվում է առավելագույնը։ Ես վստահ եմ, որ այն հաստատ կլուծվի»,- հայտարարել է Կոպիրկինը։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ հունվարի 28-ին Հայաստան էր վերադարձել 5 գերի, նույն օրը Երևանից Բաքու էր փոխադրվել 1 գերի։ Դեկտեմբերի 14-ին կրկին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց, Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 հայ գերի՝ 14 ադրբեջանցիների դիմաց։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի մասին պաշտոնական տվյալ չկա։

Մեկնաբանել