«Զվարթնոց»-ի գիշերային լուսավորության համար ներդրվել է 11.8 մլն դրամ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի համալիրում տեղադրվել են նոր գիշերային գեղարվեստական լուսավորության և հնչողության համակարգեր:

Նշենք, որ իրականացված պեղումների արդյունքում թանգարանը համալրվել է մի շարք պատմական գտածոներով, որոնց ընդհանուր թիվը հասել է 100-ի: Արգելոց-թանգարանում ցուցադրվում են տարբեր տարիներին հուշահամալիրի տարածքում կատարված պեղումների մասին պատմող բացառիկ փաստավավերագրական նյութեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արժեքավոր աշխատություններ, մենագրություններ: Երեք ցուցասրահներում կազմակերպված մշտական ցուցադրությունը բաղկացած է հնագիտական, պատմական և ճարտարապետական բաժիններից, որտեղ ներկայացվում են VII–XIII դդ. հայ պատմիչների արժեքավոր վկայությունները «Զվարթնոց» տաճարի մասին:

Թանգարանի համալրման աշխատանքների նպատակով ծախսվել է 18 մլն դրամ, որից 2.5 մլն-ը` ՀՀ պետբյուջեից, մյուս մասը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:

Գիշերային լուսավորության նպատակով ներդրվել է 11.8 մլն դրամ, որից 10 մլն-ը հատկացրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն` որպես նվիրատվություն, իսկ 1.8 մլն-ը` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը»:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, երեկ` ապրիլի 18-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ այցելել է «Զվարթնոց» արգելոց-թանգարան, ծանոթացել համալրված նյութերին և համալիրում տեղադրված գիշերային գեղարվեստական լուսավորության ու հնչողության համակարգերին:

Մեկնաբանել