Այսօրվանից սկսած՝ ձվի մեծ խմբաքանակ կմատակարարվի, և ձվի գինը կիջնի․ հանձնաժողով

Տնտեսվարողները հայտնել են, որ այսօրվանից սկսած ձվի մեծ խմբաքանակ կմատակարարեն՝ արտադրական ծավալներն են մեծացրել, և ձվի գինը կիջնի։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա վստահեցրեց, որ Զատկի տոնից առաջ ձվի գնի փոփոխություն տեղի կունենա։

Գևորգյանի խոսքով՝ ձվի թանկացման օբյեկտիվ պատճառը կերի համաշխարհային գների թանկացումն է, սակայն կան անձինք, որոնք խոշոր ծավալի գնումներ են կատարում՝ ոչ սպառողական նպատակով։

Գեղամ Գևորգյանը նաև հայտնեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար։

«Վարույթը մի շարք հանգամանքներ պարզելու համար է․ արդյոք դիֆիցիտը արհեստակա՞ն է, արդյոք միջնորդ կազմակերպություննե՞րն են այդ արհեստական դիֆիցիտը ստեղծում, արդյոք կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե կա գերիշխող դիրքի չարաշահում և արդյոք գնային բարձրացումները օբյեկտի՞վ են։ Եթե պատասխաններից որևէ մեկը դրական կլինի, բնականաբար, տնտեսավարողները պատասխանատվություն կկրեն»,- նշել է նա։

Մեկնաբանել