Սաակաշվիլին Վրաստան է թափանցել կաթնամթերքի բեռնատարով, պնդում է դատախազությունը

saakashvili

Վրաստանի գլխավոր դատախազությունը մանրամասներ է հրապարակել, թե ինչպես է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մուտք գործել երկիր։

Դատախազությունը հայտարարել է, որ Սաակաշվիլին ապօրինի մուտք է գործել երկիր սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը «Վիլնյուս» ուղևորատար լաստանավով, որը եկել է Ուկրաինայից:

Հետաքննության տվյալներով՝ փախուստի մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահը թաքնվել է կաթնամթերք տեղափոխող «Սկանիա» մակնիշի բեռնատարում, և սահմանը հատելուց հետո անցել ուղևորի նստատեղին:

Դատախազությունը պնդում է, որ ավելի ուշ Սաակաշվիլիին «Մերսեդեսով» դիմավորել են մի քանի հանցակիցներ, որոնք նրան տարել են Թքվիրի՝ Վրաստանի արևմտյան Սամեգրելոյի շրջանի գյուղ:

Դատախազության խոսնակը հայտարարել է, որ Սաակաշվիլին կարճ ժամանակով Բաթումի Է վերադարձել սեպտեմբերի 29-ին։ Ըստ նրա՝ հոկտեմբերի 1-ին Սաակաշվիլիի հրապարակած կադրերը, որտեղ նա զբոսնում է Բաթումիի կենտրոնում, հնարավոր է՝ իսկական են:

Հետաքննության տվյալներով՝ Սաակաշվիլին Թբիլիսի է մեկնել սեպտեմբերի 29-ին, մայրաքաղաք է ժամանել մինչև մայրամուտը և կանգ առել այն բնակարանում, որտեղ նրան, ի վերջո, ձերբակալել են հոկտեմբերի 1-ին:

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ իրենք զատորոշել են Վրաստանում Սաակաշվիլիի տեղաշարժի «ճշգրիտ» երթուղին և լրացուցիչ տեղեկություններ են խնդրել Ուկրաինայի իշխանություններից:

Սաակաշվիլիին օգնություն ցուցաբերելու մեջ ներգրավված չորս անձանց նույնպես մեղադրանքներ են առաջադրվել։

Ակնկալվում է, որ Սաակաշվիլիին, որը հացադուլ է հայտարարել ի նշան իր ձերբակալության դեմ բողոքի, այսօր մեղադրանք կառաջադրվի սահմանն ապօրինի հատելու համար:

Նրան արդեն վեց տարվա ազատազրկում է սպառնում այն բանից հետո, երբ 2018-ին հեռակա կարգով դատապարտվել էր իշխանության չարաշահման մի քանի հոդվածներով, այդ թվում՝ քաղաքական ընդդիմախոս Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում պատվիրելու և 2006-ին Սանդրո Գիրգվլիանիի սպանությանը մասնակից իրավապահ մարմինների աշխատակիցներին ներում շնորհելու անօրինական խոստման համար:

Մեկնաբանել