Եռակողմ գագաթնաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի․ Պեսկով

Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը․ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը և պատրաստակամությունը»,- ասել է նա։

Նա ասել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ համաձայնագրերի պահպանման օգտին։

Ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է․ ՊՆ

«Իսկապես, ռազմական գործողությունների վերսկսումն այն է, ինչ երեկ լուրջ մտահոգության առիթ է դարձել, բայց ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է հակամարտող կողմերին զսպվածության կոչ անել»,- ասել է Պեսկովը:

«Ռուսական կողմը հետագայում էլ դա կանի։ Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է։ Եվ մենք կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է առաջին հերթին հետևեն իրենց ստանձնած պարտավորություններին, և դա կլինի նման միջադեպերի չվերսկսման գրավականը»,- հավելել է նա։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ։

Մեկնաբանել