Նիկոլն ընդդեմ Նիկոլի․ վարչապետի իրարամերժ հայտարարությունները 2021-ին

ՍիվիլՆեթն առանձնացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրականությանը չհամապատասխանող և ինքն իրեն հակասող հայտարարությունները։

Credits: Ruptly

2021-ը նշանավորվեց հետպատերազմյան քննարկումներով, քաղաքական դաշտում փոխադարձ մեղադրանքներով, բացահայտումներով և բորբոքիչ հռետորաբանությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա ընթացքում հանդես է եկել իրականությանը չհամապատասխանող, նույնիսկ՝ ինքն իրեն հակասող մի շարք հայտարարություններով ու պնդումներով։ Ավելին՝ Փաշինյանի՝ նախորդող տարիներին արված խոստումները և պնդումները 2021-ին հօդս ցնդեցին։

ՍիվիլՆեթն առանձնացրել է Նիկոլ Փաշինյանի՝ իրականությանը չհամապատասխանող և իրարամերժ հայտարարությունները։

  1. Ջուրը չէր թանկանալու

2018-ի դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խմելու ջրի սակագինը առաջիկա վեց տարիներին չի բարձրանալու. «Ըստ նախկինում կնքված պայմանագրի՝ դեկտեմբերին՝ հիմա արդեն, խմելու ջուրն ամբողջ հանրապետությունում պետք է թանկանար, բայց մենք «Վեոլիա ջրի» հետ կարողացանք, ի վիճակի եղանք աշխատել և պայմանավորվեցինք, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»։

2021-ի նոյեմբերի 30-ին, սակայն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարեց, որ 2022-ի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը կբարձրանա 20 դրամով՝ գործող 180-ից դառնալով 200 դրամ։

  1. Բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին

2018-ի հունիսին, Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը, Փաշինյանը մեծ կարևորություն էր տվել քաղաքականության և բիզնեսի տարանջատմանը։

«Առանցքային նշանակություն ունեն և հետևաբար՝ կառավարության գործունեության համար ուղենշային են լինելու հետևյալ հայեցակարգային հիմնախնդիրները […] քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը»,- ասել էր Փաշինյանը։

Չնայած դրան, 2021-ի հունիսի 20-ի ԱԺ ընտրություններում Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում հայտնվեցին և պատգամավորներ ընտրվեցին գործարարներ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը։

  1. Պաշտպանական բյուջեն որքա՞ն է աճել

Հունիսին ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը պնդել էր, որ իր ղեկավարման օրոք պաշտպանական բյուջեն գրեթե 50 տոկոսով աճել է։

«Պաշտպանական բյուջեն մենք 18-20 թվականի ընթացքում ավելացրել ենք 48 տոկոսով՝ 63 մլրդ դրամով»։ (12:30-12:43)

Իրականում, սակայն, 2020-ին 2018-ի համեմատ ռազմական ծախսերը աճել են ոչ թե 48 տոոկոսով, այլ 27 տոկոսով։ Այն 238-ից դարձել է 303 մլրդ դրամ։

  1. Շուշիի խառնաշփոթը

44-օրյա պատերազմի ավարտից մեկ շաբաթ անց Փաշինյանը պնդել էր, որ պատերազմից կարելի էր խուսափել՝ յոթ շրջանները և Շուշին Ադրբեջանին հանձնելով։

«Կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից: Այո, կարող էինք, եթե համաձայնվեինք Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին»,- հայտարարել էր նա։

Փաշինյանին հակադարձեց ԱԳՆ այն ժամանակվա մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը․ «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»։

Փաշինյանին հակադարձեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ «Ինչ վերաբերում է Շուշի քաղաքին, ապա դրա հանձնման հարցը երբեք չի բարձրացվել […] այս հարցը ծագել է այս հակամարտության, այս ճգնաժամի ժամանակ»։

Ավելի ուշ Փաշինյանն ինքն ընդունեց, որ խոսքը ոչ թե Շուշին հանձնելու, այլ Շուշի ադրբեջանցի բնակչության վերադարձի պայմանի մասին էր։

«Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ բանակցային գործընթացի ողջ ընթացքում՝ ոչ միայն հիմա, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- հայտարարել էր Փաշինյանը։

  1. Իսկանդերը կրակե՞լ էր

2021-ի փետրվարին Փաշինյանը սկանդալային հայտարարություն արեց 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր» հրթիռների օգտագործման մասին․ «Ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»։

Ռուսաստանից հակադարձեցին Փաշինյանին՝ պնդելով, որ նրան ճիշտ չեն զեկուցել․ «ՌԴ ՊՆ-ն տարակուսանքով և զարմանքով ծանոթացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայկական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում կիրառված «Իսկանդեր» հրթիռները չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով։ […] Մեր ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների համաձայն՝ […] այս տիպի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում»։

Այս հայտարարությունից հետո Փաշինյանը հետքայլ արեց։ Նրա խոսնակը հայտարարեց․ «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»։

Ի դեպ, տեղացի հետաքննողները պարզեցին, որ «Իսկանդերն», այնուամենայնիվ, կիրառվել է։

  1. Ղարաբաղի կարգավիճակի մասին

2021-ի հունվարին Փաշինյանը հոդված հրապարակեց՝ պնդելով, թե Ղարաբաղյան հակամարտության լուծման ռուսական առաջարկում խոսք չկա կարգավիճակի մասին։

«2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են յոթ տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»,- գրել էր նա։

Փաշինյանին հակադարձեց Մինսկի խմբի Ռուսաստանի նախկին համանախագահ Իգոր Պոպովը. «…պնդել, որ Ռուսաստանը առաջարկել է յոթ շրջան վերադարձնել «զուր տեղը», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, ճիշտ չէ»։

Պոպովի հետ համաձայնեց Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը. «Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը»:

  1. Ո՞ր տարածքում պետք է լիներ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեն

Փաշինյանը 2021-ի դեկտեմբերին Ազգային ժողովում հայտարարեց, թե տարածքը, որտեղ պետք է անցկացվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվեն, անորոշ է եղել։

«Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է ԼՂՀ-ում։ Հասկանո՞ւմ եք, չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն»,- պնդեց Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե հանրաքվեն կարող էր լինել Ադրբեջանի ամբողջ տարածքում. «Ադրբեջանն էդ բանակցային բովանդակության մեջ կարողացել է ներմուծել էնպիսի ձևակերպում, որն իրեն հնարավորություն կտա ասել, որ էդ հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում, որովհետև Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ կարգավիճակի հարցով առանձին վերցրած հատվածում չի կարող լինել առանձին վերցրած հանրաքվե»։

Սակայն ինչպես 2007-ի Մադրիդյան, այնպես էլ 2011-ի Կազանյան սկզբունքներում հստակ ամրագրված է, որ հանրաքվեն պետք է անցկացվեր ԼՂԻՄ տարածքում՝ մինչև հակամարտության սկիզբ եղած ազգային համամասնությամբ [76% հայ, 23% ադրբեջանց]։

  1. Պետական սահմանները ներքին օրենքներով չեն որոշվում

Պատերազմից հետո Փաշինյանը բազմիցս պնդել է, որ 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով որոշվել է Հայաստանի պետական սահմանն Ադրբեջանի հետ։

2020-ի դեկտեմբերին Սիսիան կատարած այցի ժամանակ, օրինակ, նա հայտարարել է. «Էսօրվա սահմանները, նույն մեր համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել ա ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, էդ օրենքը ընդունվել ա 2010-ին»։ (51:45-52:05)

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պետության ներքին բաժանումների վերաբերյալ է, այն տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է կարգավորում, այլ ոչ թե հստակեցնում այլ պետությունների հետ սահմանները։

Փաստացի Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հաճախ իրարամերժ և իրականությանը չհապատասխանող պնդումներով։

Մեկնաբանել