Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Այսօր՝ փետրվարի 15-ին, Արցախի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն՝ 31 «կողմ» ձայներով ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը առաջարկեց նախագիծը ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ հաջորդին նախատեսել հատուկ ընթացակարգ և առաջարկությունների ժամկետ սահմանել մինչև ժամը հինգը։ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորները ընդունեցին առաջարկը։ «Ազգային ժողովի հաջորդ որոշման նախագիծը, ըստ Կանոնակարգի 75-րդ հոդվածի, քվեարկվում է առանց քննարկման, այսինքն՝ զեկուցողի առաջարկը չի քննարկվելու»,- ասաց Թովմասյանը։

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Այս օրենքի ընդունումը շատ կարևոր է, հրամայական է, ինչ-որ տեղ էլ միգուցե ուշացել ենք։ Ի վերջո մեր երկրի մեծ մասը բռնագրավված է, մենք պարտավոր ենք ունենալ այդ օրենքը։ Այն իր մեջ ներառում է Արցախի իշխանությունների, ժողովրդի, հանրության տեսլականը»,- ասաց նա։

Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ՝ փետրվարի 15-ին, հրավիրած քննարկմանը դրական եզրակացություն տվեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծին։ Օրենքի նախագիծը փետրվարի 1-ին շրջանառության մեջ են դրել Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները։

Իսկ որո՞նք են համարվում բռնազավթված տարածքներ։ Ինչպես պարզվեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստից, խոսքը առնվազն 12 հազար քկմ-ի մասին է, ոչ թե ԼՂԻՄ-ի նախկին տարածքի։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել