Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck
Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 3,9 մլրդ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով։
Հայաստանից արտահանումը կազմել է 1,385 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 2,528 մլրդ դոլար։ Արտահանումը և ներմուծումը աճել են համապատասխանաբար 27,5 և 42 տոկոսով։
Բազմաթիվ երկրների հետ առևտուրը զգալիորեն աճել է։ Էական աճ է գրանցվել հետևյալ երկրների հետ առևտրում․ Ռուսաստան՝ 39% աճ, Բուլղարիա՝ 40%, Նիդեռլանդներ՝ 75%, Իսպանիա՝ 130%, ԱՄՆ՝ 74%, Ճապոնիա՝ 100% և Վրաստան՝ 49%։
Ամենամեծ փոփոխությունները նախորդ տարվա հետ նկատվել են Ուկրաինայի և Թուրքիայի հետ առևտրաշրջանառության մեջ։
Ուկրաինա
Այսպիսով, Ուկրաինայի հետ առևտրաշրջանառությունը այդ երկրում ընթացող պատերազմի հետևանքով զգալիորեն նվազել է։ Եթե նախորդ տարվա հունվար-մայիսին Ուկրաինայից Հայաստան էր ներկրվել 45,7 մլն դոլարի ապրանք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 29 մլն։ Անկումը կազմել է 36,5 տոկոս։
Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը դեպի Ուկրաինա նվազել է՝ 7,7 մլն դոլարից հասնելով 4,1 մլն դոլար։
#CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է Ուկրաինայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության պատմությանը և կառուցվածքին։
Թուրքիա
Թուրքիայի հետ առևտուրն արդեն վերականգնվել է 2020-ի մակարդակին։ 2021-ի հունվարի 1-ից Հայաստանի կառավարությունը արգելել էր թուրքական ապրանքների ներմուծումը։ Արգելքը վերացվել էր 2021-ի վերջին։
Հատկանշական է, որ էմբարգոյի պայմաններում Հայաստան-Թուրքիա առևտուրը 2021-ին կազմել էր 73,5 մլն դոլար՝ 2020-ի 232 մլն դոլարի դիմաց։
Այս տարվա առաջին հինգ ամիսներին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 76,4 մլն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա արգելանքի պայմաններում Թուրքիայից հունվար-մայիս ամիսներին ներկրվել էր 20,6 մլն դոլարի ապրանք։ Իսկ 2020-ի առաջին հինգ ամիսներին՝ 79,4 մլն դոլարի ապրանք։