Ռուս-վրացական պատերազմից անցել է չորս տարի

Պատերազմի չորրորդ տարելիցի նախօրեին Թբիլիսիում մեկնարկել է օգոստոսյան պատերազմում Զոհվածների հիշատակի շաբաթը, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկու օրով դադարեցրել է իր «Ազգային միասնական շարժում» կուսակցության նախընտրական քարոզարշավը: Իր հերթին Մոսկվան մտադիր չէ հրապարակայնորեն հիշել վրացական ագրեսիայի մասին, սակայն այս օրը, անշուշտ, այստեղ էլ են հիշում:

Ռուս-վրացական զինված բախման տարելիցի նախօրեին երկու երկրները հանդես են եկել հայտարարություններով: Այսպես՝ օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հարավային Օսիայում վրացական ագրեսիային արձագանքելու վերաբերյալ որոշումը «մտածված էր և հավասարակշռված»: Նրա խոսքով՝ ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ որոշումը չափազանց պատասխանատու է, չէ՞ որ այնտեղ մարդիկ են զոհվում: «Որոշում կայացնելուց առաջ պետք է մտածել»,- ասել է Պուտինը:

Իր հերթին ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը չի բացառում, որ Վրաստանը կարող է նոր սադրանքների դիմել Աբխազիայի և Հարավային Օսիայի հանդեպ: Նախարարն ասել է, որ Թբիլիսին ակտիվորեն օգտագործում է տեղեկատվական դիվերսիաների տեխնոլոգիան, այնպես որ՝ չի բացառվում Վրաստանի հետ նոր բախման հնարավորությունը:

Ըստ Կարասինի՝ Վրաստանը շարունակում է հրաժարվել Սուխումի և Ցխինվալի հետ ուժի չկիրառման մասին պայմանագիր ստորագրելուց: «Ներկա պահին, երբ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների լայնածավալ քարոզարշավ է սկսվել, կարծում եմ՝ մեծ է գայթակղությունը ներքին քաղաքական հարցերը լուծել տարածաշրջանում նոր սադրանքների դիմելու միջոցով»,- ասել է դիվանագետը:

«Վրաստանը ձգտում է աբխազ և օս ժողովուրդների հետ հարաբերությունների կարգավորմանը և պատրաստակամություն է հայտնում մի կողմ դնել տարաձայնությունները,- ասված է օգոստոսի 7-ին Վրաստանի ԱԳՆ տարածած հատուկ հաղորդագրությունում:- 2008թ. պատերազմից հետո Վրաստանի կառավարությունը «ներգրավման ռազմավարություն» է որդեգրել, որի նպատակն է բռնազավթված տարածքների բնակչության հետ հարաբերությունների վերականգնումը: Այս ռազմավարության իրականացման միջոցով մենք բարեկամության ձեռք ենք մեկնում աբխազ և օս մեր համաքաղաքացիներին»:

Վրաստանի արտաքին գերատեսչության փաստաթղթում ասված է նաև, որ «Վրաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ ցանկացած մակարդակով բանակցել բոլոր կարևոր հարցերի շուրջ և չնայած 2008թ. ագրեսիային՝ բարյացակամ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ»:

Մեկնաբանել