Ի՞նչ կատարվեց Արցախում․ փորձելով հասկանալ խճանկարը

Լուսանկարում՝ հատված Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհից, որը կառուցել է Ադրբեջանը։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի։

Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Արցախում ու նրա շուրջ։

Պատկերը հետևյալն է․ Ադրբեջանը կառուցել է Լաչին (Բերձոր) քաղաքը շրջանցող ճանապարհը իր հատվածում՝ մոտ 30 կմ, որպեսզի ստանա Լաչինը, մի քանի այլ բնակավայր։ Ճանապարհը սկիզբ է առնում ՀՀ սահմանից՝ Կոռնիձորի հատվածում։

Հայաստանը իր հատվածում պետք է կառուցի 8-9 կմ ճանապարհ։ Չի կառուցել դեռ։ Կառուցման աշխատանքները նոր-նոր են սկսվում։

2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման նախագիծը պետք է հաստատվեր երեք տարվա ընթացքում։ Համաձայնագրի այս (6-րդ) կետը օգոստոսի 4-ի կառավարության նիստին վկայակոչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«[…] Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,- նոյեմբերի 9-ի համաձայնագրի այս դրույթն ընթերցեց Փաշինյանը՝ շեշտելով, որ դրանում միայն ճանապարհի կառուցման նախագիծը հաստատելու մասին է խոսվում:

Կարմիրով՝ Լաչինի գործող միջանցքը։
Կանաչով՝ Բերձոր քաղաքը շրջանցող՝ Ադրբեջանի կառուցած նոր ճանապարհը։
Դեղինով՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրով հայկական կողմի կառուցելիք՝ Շուշին շրջանցող ճանապարհը (տեղանքը նշված է մոտավոր)։

Փաշինյանը, սակայն, չի բացահայտում, թե ինչ պայմանավորվածություններ է ստանձնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր եռակողմ հանդիպումներում, շփումներում։

Ըստ ամենայնի՝ նրանց միջև եղել է պայմանավորվածություն Լաչին քաղաքի՝ որոշակի ժամկետում (հիմա) հանձնելու մասին։ Պատահական չէ, որ Ադրբեջանն այդքան արագ կառուցում էր հայերին հանձնվելիք այլընտրանքային ճանապարհը։

Երկու տարի անց եկել է ժամանակը, բայց Հայաստանն իր տարածքում՝ Կոռնիձորի հատվածում, որևէ աշխատանք չի կատարել։

Ալիևն էլ ասում է մոտավորապես հետևյալը՝ ես ձեզ համար արդեն կառուցել եմ Լաչինը շրջանցող 30 կմ-ոց ճանապարհը, բարի եղեք հանձնեք քաղաքը, ինչպես խոստացել եք։

Ալիևը դիմում է ռազմական սադրանքի։

Հետքի Էդիկ Բաղդասարյանը գրում է, որ «բանակցություններում, կարծես թե, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Եթե, իհարկե, ադրբեջանցիները չխախտեն պայմանավորվածությունները, մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչև ամսվա վերջ և հանձնեն Բերձորը: Երեք կիլոմետրանոց ճանապարհահատված է, և մինչև Կոռնիձորի ճանապարհի կառուցումը այդտեղով է լինելու կապը Հայաստանի հետ»:

Հատված Ադրբեջանի կառուցած ճանապարհից, որը սկզիբ է առնում ՀՀ սահմանից՝ Կոռնիձորի հատվածում։

Քանի որ Հայաստանը չի կառուցել Կոռնիձորի հատվածում իր 8 կմ-ոց ճանապարհը, հիմա ավելի արագ լինելու համար պետք է Լաչինը շրջանցող 3 կմ-ոց ճանապարհ կառուցի, որպեսզի քաղաքը կարճ ժամանակում հանձնվի Ադրբեջանին։

Մեծ հավանականությամբ, այս 3 կմ-ոց ճանապարհը ևս կհանձնվի Ադրբեջանին, երբ արդեն պատրաստ լինի Կոռնիձորի ճանապարհը, որը կմիանա Ադրբեջանի՝ մեզ համար կառուցած ճանապարհին։

Ի՞նչ է ստացվում։

Հայկական կողմն իր հետևում չուներ հզոր բանակ, միջազգային աջակցություն, դաշնակիցներ, որպեսզի կարողանար խուսափել այս սցենարից։ Ի վերջո, տեղի է տալիս, հանձնում Բերձոր քաղաքը, կառուցում ևս մեկ հավելյալ ճանապարհ։

Բայց, ամենասարսափելին, այս ամենի արդյունքում Ադրբեջանի հրահրած զինված բախման արդյունքում զոհվում է առնվազն երկու հայ զինծառայող, վիրավորվում՝ երկու տասնյակը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցումը կավարտվի մինչև գարուն։ Մի կողմից վարչապետը վկայակոչում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որում եռամյա ժամկետում ճանապարհ կառուցելու պարտավորություն ամրագրված չէ, մյուս կողմից կառավարությունն ակամա ընդունում է, որ կատարում է Ադրբեջանի պահանջը։

Հիմա՝ հարց․ արդյոք կանխատեսելի չէ՞ր այս սցենարը։ Մի՞թե դժվար էր հասկանալ մեկ տարի առաջ, որ այս օրը գալու է, և Հայաստանը չի կարողանալու խուսափել այդ պահանջը (կարդացե՛ք՝ խոստումը) կատարելուց։

Սա մի պարզ օրինակ է, թե այս կառավարության հանցավոր անփութության պատճառով ինչպես կորցրինք տղերքին։

Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո միանգամայն սպասելի էր նաև, որ Ադրբեջանը պահանջելու է Գորիս-Կապան հատվածի՝ խորհրդային շրջանում իրեն պատկանած հատվածը։ Հայաստանն այլընտրանքային ճանապարհը սկսեց կառուցել միայն գլխավոր մայրուղին կորցնելուց հետո։

Մեկնաբանել