ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան

ԵԱՀԿ-ն առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանամերձ շրջաններում իրավիճակը գնահատելու համար, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։

«Հայաստանի կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը երկիր կուղարկի կարիքների գնահատման թիմ։ Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա անվտանգության համալիր հայեցակարգի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։

Կազմակերպությունից նշում են, որ միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ:

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ «քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման»։

***

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, Եվրամիության Խորհուրդն էր որոշում կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։

Պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն բաղկացած է լինելու առավելագույնը 40 դիտորդ-փորձագետներից, որոնք կդիտարկեն, կվերլուծեն և կզեկուցեն տարածաշրջանի իրավիճակի մասին։

Մեկնաբանել