Ադրբեջանը նոյեմբերից ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի միջանցքի փակման համար․ ՄԻՊ-երի զեկույցը

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով։

Համատեղ անգլերեն զեկույցում թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքների մասին։

«Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որի արդյունքներով հետևությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձևավորման հիմնական միջոցներով և փորձված մեթոդների կիրառմամբ, դեռևս նոյեմբեր ամսից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։ Հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները շարունակվել են լայնորեն կիրառվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում»,- ասված է հայտարարությունում։

Զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ։

Զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, ինչպես նաև հասանելի կդարձվի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ նախաձեռնված է Լաչինի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու մասին Հայաստանի պահանջը։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 16-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել