Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը չի բացառում, որ ընթացիկ տարում երկրից կապիտալի արտահոսքը կկազմի $70 մլրդ: Այս մասին հայտարարել է փոխնախարար Անդրեյ Կլեպաչը՝ հավելելով, որ տվյալները կհստակեցվեն մինչ դեկտեմբեր, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
«Մենք կհստակեցնենք մինչ դեկտեմբեր: Հնարավոր է տվյալները մի փոքր գերազանցեն $70 մլրդը, հնարավոր է՝ մի փոքր զիջեն», -ասել է փոխնախարարը:
Ըստ Ռուսաստանի կենտրոնական բանակի՝ ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալների համաձայն՝ երկրից կապիտալի արտահոսքը կազմել է $57,9 մլրդ: 2011թ. կապիտալի ընդհանուր արտահոսքը կազմել էր $85 մլրդ: Ավելի վաղ Ռուսաստանի ԿԲ-ն 2012թ. Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կանխատեսումը բարձրացրել էր մինչև $67 մլրդ:
Օգոստոսին Տնտեսական զարգացման նախարարությունը, իր հերթին, ընթացիկ տարվա համար կապիտալի արտահոսքի կանխատեսումը բարձրացրել էր $25 մլրդ-ից մինչև $50-60 մլրդ: Նախարարությունում 2013-ի համար կապիտալի արտահոսք կամ ներհոսք չեն կանխատեսում, թեև ավելի վաղ նախարարությունը 2013թ. կապիտալի $15 մլրդ-ի ներհոսք էր կանխատեսել: 2014թ. և 2015թ., ըստ նախարարության, կապիտալի ներհոսքը համապատասխանաբար կկազմի $30 մլրդ և $40 մլրդ:
Ներկայում տարբեր գերատեսչությունների երկարաժամկետ կանխատեսումները զգալիորեն չեն տարբերվում, սակայն, եթե ԿԲ-ն և Տնտեսական զարգացման նախարարությունը կապիտալի արտահոսքի դադարում կանխատեսում են արդեն 2014թ., ըստ ֆինանսների նախարարության՝ առաջիկա տարիներին իրադրությունը չի փոխվի, և կապիտալի արտահոսքը կպահպանվի 2013-2015թթ..:
Ֆինանսների փոխնախարար Ալեսքեյ Մոիսեևի կարծիքով՝ վերջին ամիսներին Ռուսաստանում արձանագրվող կապիտալի արտահոսքը ռուս ներդրողների ֆենոմենն է, ինչը տնտեսությունը պաշտպանում է հնարավոր «գերտաքացումից»:
Ըստ նրա՝ իրադրությունը բեկելու համար անհրաժեշտ է բարելավել երկրում ներդրումային միաջավայրը:
«Երբ երկրում ներդրումային այլ միջավայր լինի, և կառավարությունը կարողանա լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները, ռուսական ընկերությունները կապիտալը երկրում թողնելու ցանկություն կունենան», -ասել է Մոիսեևը: