Աքրամ Այլիսլին Ադրբեջանի խիղճն է. Ռագըփ Զարաքոլու

Լուսանկարը` ՍիվիլՆեթի

Թուրք հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ ու լրագրող Ռագըփ Զարաքոլուն «Հրատապ կոչ. տեր կանգնենք Ադրբեջանի խղճին» վերտառությամբ հոդված է հրապարակել` նվիրված ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, որը Ադրբեջանում ապրող հայերի և նրանց դեմ իրականացված բռնությունների մասին պատմող «Քարե երազներ» գրքի պատճառով զրկվել է Ադրբեջանի «Ժողովրդական գրող» կոչումից:

Զարաքոլուն հոդվածում ներկայացնում է Այլիսլիի անցած ուղին և նրա մատուցած ծառայությունները Ադրբեջանին և նրա ժողովրդին:

Թուրք իրավապաշտպանը, անդրադառնալով «Քարե երազներին», պատմում է, թե ինչ հետապնդումների ու հալածանքների է ենթարկվում մտավորականն Ադրբեջանում: Այնուհետ Այլիսլիի շուրջ ստեղծված դրությունը Զարաքոլուն համեմատում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ընդունելության և հերոսացման հետ: «Ադրբեջանի պատիվը մահվան սպառնալիքի տակ է»,- գրում է թուրք հրատարակիչը:

Թեև Ռուսաստանը և արևմտյան երկրները Այլիսլիին խոստանում են ապաստան տրամադրել, այդուհանդերձ, ադրբեջանցի գրողը, արժանապատիվ կեցվածք դրսևորելով, ասում է, թե Ադրբեջանն իր հայրենիքն է և ինքը չի հեռանալու, գրում է Զարաքոլուն:

Զարաքոլուն միջազգային հանրությանը, Թուրքիայի և Ադրբեջանի դեմոկրատական շրջաններին կոչ է անում իրենց զորակցությունը հայտնել Այլիսլիին, որպեսզի վերջինս չարժանանա Հրանտ Դինքի ճակատագրին:

Նշենք, որ Այլիսլիի՝ ռուսական «Դրուժբա նարոդով» գրական հանդեսում հրապարակված «Քարե երազներ» աշխատությունը մեծ աղմուկ է բարձրացրել ինչպես Ադրբեջանում և Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Գրքում զուգահեռներ են տարվում ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Ագուլիս բնակավայրում 1919թ. հայերի նկատմամբ ադրբեջանցիների կիրառած բռնությունների և Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի միջև: Ագուլիսցի հեղինակը (Այլիսլի-Ագուլիս բառի թուրքական տարբերակն է-ՍիվիլՆեթ) ընդհանուր առմամբ ներկայացնում է Ագուլիսի հայերի կյանքը և գիրքը նվիրում իր հայ համերկրացիների հիշատակին:

Մեկնաբանել