Ներողություն եմ խնդրում, որ ցեղասպանվել եմ

Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր Չելիքի, ինչպես նաև «Թուրք արտադրողների և գործարարների միության» նախագահության անդամ, նախկին դեսպան Վոլքան Վուրալի կողմից Անատոլիան «լքած» հայերի ժառանգներին Թուրքիա հրավիրելու և նրանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ կառավարությանն արված առաջարկությունը, ինչպես և սպասվում էր, թուրքական մամուլում և հասարակական-քաղաքական շրջանակներում բուռն քննարկումների տեղիք է տվել:

Ցեղասպանության հարյուրամյակի շեմին արված այս քայլերի՝ թուրքերի մոտ ինչ տպավորություն թողնելը հասկանալու համար թուրք լրագրողներից շատերը, չգիտես ինչու, դիմեցին թուրք արվեստագետներին: Հարկ չեմ համարում նշել հեռուստասերիալների այն աստղերի, էստրադայի երգիչների անունները, որոնք ներկայացվում են որպես լուրջ արվեստագետներ, բայց կարևորում եմ նրանց պատասխանները, քանի որ դրանք շատ դիպուկ արտահայտում են ժողովրդի միջին խավի մեծամասնության կարծիքը:

«Արվեստագետները» նախ թուրքերի հայկական հարցին բնորոշ զարմանքով ասում են, որ բոլորս հայ, քուրդ, հրեա, հույն հարևանների հետ եղբայրաբար ու խաղաղությամբ ապրում էինք, ի՞նչ եղավ, ինչո՞ւ գնացին, իհարկե թող հետ գան, մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց:

Իսկ մեկ ուրիշը, արժևորելով թուրքական հյուրասիրությունը, ասում է, որ թուրքական հողերը բավարար են աշխարհի բոլոր կարիքավոր ժողովուրդներին՝ լինեն արաբ, թե հայ: Ով ցանկանում է, թող գա, մեր դռները բաց են: Կենացները գնալով քաղցրանում են, ու մի ուրիշ արվեստագետ, երևի «իսկականներից», քանի որ մտքի նման թռիչքի համար իրոք ստեղծարար ուժ է պետք, ասում է. «Մենք օսմանցիների թոռներն ենք, Իսպանիայից վռնդված հրաների դեմ մեր պապերը բացեցին դռները, օգնեցին նրանց: Մենք արդեն ապացուցել ենք մեր մարդասիրությունն աշխարհին, այնպես որ՝ հայերին էլ ձեռք կմեկնենք»: Նման զզվելի տրամաբանությամբ՝ պրոբլեմատիկ մասը ոչ թե մոռանալն է Օսմանյան կայսրության դերակատարությունը հայերին «օսմանական» հողից վռնդելու գործում, այլ հրեաների տնտեսական, մշակութային, կրթության, բժշկության և տարբեր ոլորտների ոչ միայն զարգացման, այլև ստեղծման մասին որևէ փաստ չհիշատակելը ու միայն թուրքերի ազնվության ընդգծումը:

Կան նաև հարցին այսչափ «մարդասիրաբար» չմոտեցող «արվեստագետներ», որոնք, կարևորելով ներողություն խնդրելը որպես քաղաքակրթության ամենամեծ չափանիշ, ինչպես նաև օրինակներ բերելով թերևս երեք օր առաջ ծանոթացած «կարմայի փիլիսոփայությունից», խորամանկ քմծիծաղով և ձայնի արհամարհական ելևէջներով հռետորական հարց են ուղղում լրագրողին. «Իհարկե, եթե կատարվել է նման մի բան, ուրեմն դրա համար պետք է ներողություն խնդրվի»:

Իսկ ամենահիվանդագին մոտեցումը, որը նաև լսելի է դառնում արվեստագետների շրջանակներում, հետևյալն է.«Իսկ հայերն արդյո՞ք պատրաստվում են մեզնից ներողություն խնդրել իրենց արածների համար»:

Երկու կողմի ցավերի ընդունման, համահավասարեցման բանաձևը որոշ թվականից ի վեր օգտագործվում է հայ-թուրքական երկխոսության շրջանակներում, սակայն արդեն աբսուրդի է հասնում, երբ իրենց հումանիստ անվանող մի քանի թուրքահպատակ հայ մտավորականներ սկսում են ազերիների կողմից Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, «օբյեկտիվ լինելու անհրաժեշտությունից ելնելով», համեմատել Թեհլերյանի հերոսացման հետ և հանդես են գալիս Սփյուռքին ու Հայաստանի ուղղված ուղերձով, որ «գոնե այսօր չշարունակեն այդ սխալը»: Նման «օբյեկտիվիզմով» բարդույթավորվելը ամենալավատես մարդկանց նույնիսկ չի կարողանում համոզել, որ դա ոչ թե հայոց, օսմանյան, թուրքական և նույնիսկ համաշխարհային պատմության առնվազն թերի տիրապետելու արդյունք է, այլ հետազոտական աշխատանքից ավելի պոպուլիստական քաղաքականություն վարելու կամավոր կամ պարտադրված ընտրություն:
Պաթոլոգիկ նման մեղադրանքներով հանդես են գալիս նաև Խոջալուում և Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի մասին խոսելիս՝ հայկական կառավարական և ոչ կառավարական շրջանակներին կոչ անելով ներողություն խնդրել կամ գոնե տխրել ադրբեջանցիներին պատճառած ցավի համար:

Կարծում եմ՝ երկխոսության քողի տակ զարգացող աբսուրդի ամենալավ պատասխանը տալիս է Հայաստանում և Եվրոպայում տարիներ շարունակ բնակվելուց հետո կրկին Պոլսում հաստատված պոլսահայ ծաղրանկարիչ Արեթ Գըճըռի մի ծաղրանկար, ուր թուրքահայը, ձեռքերը գրպանում, իր սիգարետի վերջին մուխն առնելով, խոստովանում է. «Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ ցեղասպանված եմ»:

Մեկնաբանել