ԱՄՆ-ը կկրճատի օգնությունը Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային

ԱՄՆ 2014թ. բյուջեի` Պետդեպարտամենտի և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության նախագծում, որը ապրիլի 10-ին ներկայացրել է Սպիտակ տունը, կրճատված են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետություններին հատկացվող անհատույց օգնության ծավալները, eurasianet.org կայքում գրում է անկախ լրագրող Ջոշուա Կուչերան Վաշինգտոնից։

Կրճատումները վերաբերում են տարածաշրջանի բոլոր երկրներին՝ բացառությամբ Ղրղըզստանից։ Նախորդ տարիների միտումը պահպանվել է, թեև 2014-ին ֆինանսավորման նվազեցումը կտրուկ չէ։ Կենտրոնական Ասիային հատկացվելիք օգնությունն այս տարվա համեմատ կրճատվելու է 4%-ով, Հարավային Կովկասինը՝ 12%-ով։ 2013թ. ֆինանսավորումը 2012-ի համեմատ նվազել էր համապատասխանաբար 24%-ով և 12%-ով։

Մարդասիրական ծրագրերի ֆինանսավորումը ԱՄՆ-ը կրճատել է բոլոր երկրների համար, և ըստ Կուչերայի՝ հազիվ թե Վաշինգտոնը կորցրել է հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։

ԱՄՆ 2014թ. բյուջեի նախագծում Հարավային Կովկասին ու Կենտրոնական Ասիային անհատույց օգնության ծավալներին առնչվող մասը ունի հետևյալ տեսքը՝

Հայաստան – $30,8 մլն, 16%-ով պակաս՝ 2013թ. համար հայցված $36,6 մլն-ի համեմատ։

Ադրբեջան – $15,6 մլն, 5%-ով պակաս՝ 2013թ. համար հայցված $16,3 մլն-ի համեմատ։

Վրաստան – $60,8 մլն, 12%-ով պակաս՝ 2013թ. համար հայցված $68,7 մլն-ի համեմատ։

Ղազախստան – $10,8 մլն, 28%-ով պակաս՝ 2013թ. համար հայցված $14,9 մլն-ի համեմատ։

Ղրղըզստան – $50,6 մլն, 8%-ով ավելի՝ 2013թ. համար հայցված $46,7-ի համեմատ։

Տաջիկստան – $34,9 մլն, 7%-ով պակաս՝ 2013թ. համար հայցված $37,4 մլն-ի համեմատ։

Թուրքմենստան – $6,1 մլն, 9%-ով պակաս՝ 2013թ. համար հայցված $6,7 մլն-ի համեմատ։

Ուզբեկստան – $11 մլն, 12%-ով պակաս՝ 2013թ. համար հայցված $12,6 մլն-ի համեմատ։

2014թ. բյուջեի նախագիծը նույնքան մանրամասն չէ, որքան 2013թ. համար նախատեսված փաստաթուղթը, որը հրապարակվել է փետրվարին։ «Այդ իսկ պատճառով հնարավոր չէ համեմատել, ինչպես է փոխվել ռազմական օգնության մասնաբաժինը ընդհանուր ծավալում»,- գրում է Կուչերան։

Այդուհանդերձ, Պետդեպարտամենտի՝ տարածաշրջանի ռազմական օգնության ծախսերում ամենամեծը Վրաստանին տրամադրվող աջակցության ծրագիրն է, որը 2013թ. $14,4 մլն-ից 2014թ. կնվազի մինչև $12 մլն։ Ադրբեջանին իրավապաշտպան կառույցների ամրապնդման և թմրանյութերի դեմ պայքարի համար հատկացվող օգնությունը $2,8 մլն-ից կնվազի մինչև $1,2 մլն։ Մնացած կետերը փոփոխությունների չեն ենթարկվի կամ կկրճատվեն աննշան։ «Հարկ է նշել սակայն, որ պաշտպանության նախարարության ռազմական օգնությունը, ի տարբերություն Պետդեպինի, վերջին տարիներին կազմում է տարածաշրջանին անվտանգության ոլորտում հատկացվող ընդհանուր օգնության շատ ավելի զգալի մասը»,- եզրափակում է Կուչերան։