Ընտրություններից հետո էլ կարելի է ընդդիմադիր քաղաքապետ ընտրել. Ա.Ռուստամյան

Նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների տարբերությունն այն է, որ առաջինը միամանդատ ընտրություն է, իսկ հիմա ընդդիմությունից քաղաքապետ կարող է ընտրվել ընտրություններից հետո. նշեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում: «Այս դեպքում ավագանու ներսում արդեն քաղաքական ուժերը կարող են համախմբվել և հարցեր լուծել. համախմբումը կարող է նաև կատարվել հետընտրական շրջանում: Հիմա արդեն կարող եմ հայտարարել, որ ընդդիմադիր ուժերը, միավորելով իրենց ուժերը, կարող են քաղաքապետ ընտրել ավագանու ընտրություններից հետո»,- նշեց նա՝ մասնավորեցնելով, որ այն ինչ չի հաջողվում կատարել նախընտրական շրջանում, կարելի է կատարել ընտրություններից հետո:

«Մեր հիմնական նպատակն է հաստատել Երևանում ընդդիմության իշխանություն»,- ասաց Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ-ն վերջին տարիներին փոխել է 3 քաղաքապետ, և նրանք եղել են իշխանության անմիջական կամակատարը: Ըստ նրա՝ ոստիկանությունն էլ չպիտի ենթարկվի կենտրոնական իշխանությանը, այլ Երևանը պիտի ունենա «մունիցիպալ ոստիկանություն»: «Դեպքերը գնում-մեռնում են ոստիկանությունում, քանի որ հո իրար չե՞ն բռնելու: Մի օր մեկի տղան է, մյուս օրը՝ մյուսի: Իսկ մեր առաջարկով կփոխվի այս վիճակը»,- ասաց նա՝ նշելով, որ «սա կլինի առաջին քայլը, որ կսասանի միահեծան իշխանությունը»:

«Շատ երկրներում ընդդիմությունն իշխանության է եկել մայրաքաղաքի ղեկավարությամբ: Անկախ դրանից էլ՝ քաղաքապետարանում ընդդիմությունը իշխանության համար իրական հակակշիռ կստեղծի, առողջ մրցակցություն կլինի արդեն: Եվ դրա համար ենք ուզում, որ երևանցին կարևորի այս քաղաքական գործընթացը»,- նշեց նա:

Մեկնաբանել