Հայերի արյամբ շաղախվածի ձեռքն այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում. Իրանի Մեջլիսի փոխնախագահ

Լուսանկարը` alikonline.ir-ի

Հայերի արյամբ շաղախվածի ձեռքն այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում: Ինչպես հաղորդում է իրանահայ համայնքի «Ալիք» օրաթերթը, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Մեջլիսի փոխնախագահ Մոհամմադ Հասան Աբութորաբի Ֆարդը:

Թեհրանի Հայ դատի հանձնախմբի («ՀՈՒՍԿ») նախաձեռնութեամբ՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի ծրագրերի շրջանակում Հայ ակումբի սրահում կազմակերպված «Անպատիժ մնացած ոճրագործություն» խորագրով միջոցառմանը ԻԻՀ Մեջլիսի փոխնախագահը, հիշատակելով ցեղասպանության ժամանակ զոհ գնացած հայերին և ասորիներին, մասնավորապես նշել է. «Եթե զինվորական, քաղաքական ուժը և հարստությունը չմիաձուլվեն մարդկային ու աստվածային վեհ արժեքներով, ապա կհանգեցնեն մեր քրիստոնյա քույրերի ու եղբայրների ցեղասպանության նման սոսկալի ոճրագործութիւնների: Նրանք, որոնց ձեռքը երեկ շաղախվել էր հայերի արյամբ, այսօր Սիրիայում շաղախվել է մեր քույրերի ու եղբայրների արյամբ»:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ԻԻՀ Մեջլիսում հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, որն իր խոսքում հույս է հայտնել, որ Իրանը պաշտոնապես կճանաչի ու կդատապարտի Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը և դեսպանության աշխատակազմը, իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, կրոնական համայնքների, ինչպես նաև մի շարք այլ պատգամավորներ, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Քոլեյնին և այլք: